Մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն էկոնոմիկայի փոխնախարարներին հարցնում է, թե որքա՞ն են ԵՏՄ երկրներում բիզնեսին իջեցվող պետպատվերները, և դրանցում որքան է Հայաստանի ընկերությունների մասնակցության կշիռը:
Տասնյակ միլիարդ դոլարների պետպատվերներին Հայաստանի մասնակցությունը բառի բուն իմաստով չնչին է:
Պատգամավորը էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներին ասում է, որ բացասական է գնահատում դա, որ պետք է բիզնեսին իրազեկել, ուղղորդել, որ գնան ու մասնակցեն մրցույթներին, պատվերներ շահեն, Հայաստան փող բերեն, աշխատատեղ բերեն:
Միանգամայն հասկանալի և դիպուկ հարցադրում:
Բայց պետության անելիքն այստեղ միայն իրազեկո՞ւմն է:
Իմ կարծիքով՝ ոչ: Պետության անելիքը նաև, այսպես ասած, ոչ ֆորմալ է: Այսինքն, քաղաքական բավարար մակարդակի հարաբերություններ, որոնք կունենան «լոբբինգի» իմաստ: Կարծում եմ որևէ մեկը պատրանք չունի, որ աշխարհի որևէ երկրում հսկայածավալ պետական գնումների կամ պատվերների մրցույթները չեն անցնում բյուրեղյա արդարության մրցակցությամբ:
Դեր են խաղում բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ, պետությունների միջև հարաբերություններից մինչև անձնական կապեր և այլն:
Հետևաբար, հարց է առաջանում, մեր պետությունը ԵԱՏՄ շրջանակում կարողանո՞ւմ է ապահովել այդ սուբյեկտիվ գործոնների ուղղությամբ բավարար աշխատանք, որը թույլ կտա հայկական բիզնեսին մասնակցելու ԵԱՏՄ այլ երկրների պետպատվերների մրցույթին և լինել շահելու իրական հավակնորդ:
Առավել ևս, եթե խոսքը ԵԱՏՄ-ի մասին է, որտեղ վերը նշածս սուբյեկտիվ գործոնների ազդեցության տեսակարար կշիռն ընդհուպ մենթալ մակարդակով առավել մեծ է:
Այլապես, կարելի է բիզնեսին առավոտից երեկո իրազեկել, որ գնացեք՝ այս մրցույթը կա, այն կա, մյուսը կա, մասնակցեք: Բայց, հենց այդ սուբյեկտիվը հաշվի առնելով, իսկ հաջողելու որքա՞ն շանս կա:
Ես բացարձակ չեմ նվազեցնում հենց բիզնեսի նախաձեռնողության դերը: Այսինքն, բնական է, իրենք պետք է գնան, մասնակցեն, փորձեն ստեղծել կապերը և այլն: Բայց ժամանակակից աշխարհում դա քիչ է, համաշխարհային պատերազմը նաև տնտեսական է, ամեն ռեսուրսի, ամեն միլիոնի, լումայի համար: Հետևաբար, այն պահանջում է պետության զուգահեռ աջակցություն»: