2 ապրիլի 2026 – 14:09 AMT
PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և դիվանագիտական էր, և քաղաքականապես կործանարար, հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ մեկնաբանելով Մոսկվայում նրա հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Ըստ նրա՝ այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել կրծքին փակցված ՀՀ քարտեղի խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը:
«Անդրադառնալով Հայաստանի տնտեսական կապերին, անվտանգության խնդիրներին, հիշատակելով Լեռնային Ղարաբաղը, Փաշինյանի անիրատեսական ակնկալիքները Եվրամիության հետ հարաբերություններից և նույնիսկ ակնարկելով առաջիկա ընտրությունները՝ նա պարզապես երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային խնդիրների ամփոփում չէր անում․ նա հստակ հակադրություն էր ձևակերպում այն բանի միջև, թե ինչ Հայաստանը ունեցել է, ինչ է կորցրել և ինչ տակավին կարող է կորցնել։
Պուտինի նախաբանը, ըստ էության, վճիռ էր Փաշինյանի վերաբերյալ։ Եթե հանենք դիվանագիտական ձևակերպումները, ուղերձը պարզ էր․ դուք կարծես չեք հասկանում, թե ինչ եք անում, դուք սխալ ուղու վրա եք, և եթե շարունակեք այդպես, հայ ժողովրդին կհասցնեք անհամեմատ ավելի մեծ վնաս, քան արդեն հասցրել եք։
Մի պահ նույնիսկ ակնկալում էի, որ Պուտինը կհարցնի Փաշինյանին՝ ինչ է նա կրում իր բաճկոնի կրծքի հատվածում։ Իբր դա Հայաստանի քարտեզն է։ Փաշինյանը կրում է այդ քարտեզը՝ ընդգծելու համար, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Բայց ո՞վ է քարտեզ կրում իր կրծքին։ Արդյո՞ք որևէ մեկը տեսե՞լ է, որ այլ երկրի ղեկավար նման բան անի։ Դրոշ՝ այո, բայց քարտե՞զ։ Պատկերացրեք հակառակը՝ Պուտինը միջազգային հանդիպումների ժամանակ կրի Ռուսաստանի քարտեզը, որը ներառում է Դոնբասը։
Իմ կարծիքով, այն, ինչ Փաշինյանը փորձում է փոխանցել այս խորհրդանիշով, ունի ճիշտ հակառակ ազդեցությունը։ Այդ քարտեզը՝ հենց Փաշինյանի կրծքի վրա, դառնում է մշտական հիշեցում հայ ժողովրդի համար, որ Լեռնային Ղարաբաղը կորցվել է անհարկի՝ հենց նրա կառավարման ժամանակ, նրա կոպիտ սխալների պատճառով։
Ավելին, երբ երկրի ղեկավարը իր երկրի իր պատկերացրած քարտեզը կրծքին ման է գալիս, դա մատնում է այլ ներքին անվստահություն, որ այդ տարածքը նույնպես ոչ հաստատուն ու անպաշտպան մի բան է, որ նույնպես կարող է կորսվել ու պետք է կրծքին կպցնել, ինքդ քեզ ու դիմացինին համոզելու, որ գոնե դա կարող ես պահել։ Որովհետև արդարացիորեն վախենում ես, որ դրա պահելու ձևն էլ չգիտես»,-գրել է Օսկանյանը։
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Ամենազգայուն հարցը մինչ օրս՝ մենք դա հասկանում ենք, մենք հաճախ ենք այդ մասին խոսում, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Մենք մշտապես այդ մասին խոսում ենք։ Եվ մենք գիտենք, որ թե՛ Ձեր, թե՛ Ձեր գործընկերների մոտ առաջացել են և մինչ օրս առաջանում են հարցեր և որոշակի դժգոհություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Մենք մշտապես վերադառնում ենք այս հարցին։ Բայց կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում՝ կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս․ սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ, խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից, կարծում եմ, որ, հավանաբար, դա իմաստ ուներ»: