Բա ի՞նչ պետք է աներ. պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ. Փաշինյանը՝ 18-ամյա աշակերտին հարվածած ՊՊԾ աշխատակցի մասին

Ես չեմ տեսել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում եմ ասել, որ երբ պետական պահպանության ծառայության ծառայողը տեսնում է, որ իր պահպանյալին վտանգ է սպառնում, ինքը կարող է հարվածել, կարող է ուժ գործադրել, Աստված չանի՝ սուր իրավիճակներում կարող է զենք գործադրել։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։

«Ձեզ համար Պետական պահպանության ծառայության աշխատողը ի՞նչ է. բա ՊՊԾ ծառայողը նրա համար է, որ երբ կա իրավիճակ, ուժ գործադրի. ինքը բոլոր լիազորություններն ունի։ Եթե նա այդ աշխատանքը չանի, ուրեմն նրա դեմ է քրեական գործ հարուցվելու, և ինքը կարող է հայտնվել բանտում՝  ծառայողական պարտականությունները չկատարելու համար։

Եվ երբ որևէ մեկը գործողություն է անում, ինքը բեյջ չունի, որ 18 տարեկան է, որ առողջական խնդիրներ ունի, կամ այլ կարգի խնդիրներ ունի։ Ծառայությունը պետք է իրականացվի, բա ի՞նչ պետք է անի։ Պետք է հրավիրեր սրճարան սուրճ խմելո՞ւ»,-հարց հնչեցրեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ նախօրեին կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանը տեսանյութ էր հրապարակել, որում հստակ երևում է, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցը եկեղեցում հարվածում Դավիթ Մինասյանին։

Leave a Comment