«ՌԴ նախագահը, հաշվի առնելով նրա օրակարգը, ուզենա էլ՝ չի կարող մանրամասների մեջ մտնել։ Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, ՌԴ նախագահը պիտի այդքան մանրամասն ուսումնասիրե՞ր ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»:
Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ անձնագիր ունեցող անձանց ընտրություններին մասնակցելու մասին Պուտինի հայտարարությանը:
«Իհարկե ոչ, իրեն պետք է ամբողջական տեղեկացնեին, և ես իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նրբություն կա»,- ասել է նա:
ՌԴ նախագահը վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ իրեն հայտնի է՝ ՀՀ-ում առաջիկա ընտրություններում մասնակցելու ցանկություն հայտնած ուժեր կան, որոնց ներկայացուցիչներն ունեն ռուսական անձնագրեր, և ըստ Պուտինի՝ նրանցից ոմանք գտնվում են ազատազրկման վայրերում: «Դա ձեր որոշումն է, բայց կցանկանայինք, որ ՌԴ անձնագիր ունեցողները կարողանան մասնակցել ներքաղաքական գործընթացներին»,- ասել էր Պուտինը:
«Անկեղծ ասած, մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան։ Եվ ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ, օրինակ, մեզ մոտ սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Սրանք պատգամավորների ընտրություններ են և դե ֆակտո նաև վարչապետի ընտրություններ։
Եվ ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։ Այսինքն՝ ամենայն հարգանքով, բայց ռուսական անձնագիր ունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, չեն կարող լինել ո՛չ պատգամավորի թեկնածու, ո՛չ վարչապետի թեկնածու։ Այստեղ որևէ սահմանափակում չկա»,- պատասխանել էր ՀՀ վարչապետը: