Թոշակառուների համար կգործեն հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների մասին կարգավորումներ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կառավարության ապրիլի 2-ի նիստում ներկայացրեց հետադարձ հիփոթեքի և ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների ներդրմանը վերաբերող որոշումների նախագծերը։

Նրա խոսքով՝ հետադարձ հիփոթեքի ինստիտուտը կիրառվում է ԱՄՆ-ում և հնարավորություն է տալիս կենսաթոշակային տարիքի մարդկանց իրենց պատկանող անշարժ գույքից ստանալ լրացուցիչ եկամուտ։

«Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում, բանակցելով բանկի հետ (բանակցության վերաբերյալ պայմանները հստակ անձանագրված են օրենսդրական կարգավորումներով), այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիփոթեքով՝ պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը, և թոշակառու տարիքում ստիպված չլինեն վաճառել սեփական գույքն ու տեղափոխվել»,- նշեց նա։

Նշված մեխանիզմով ստացվող գումարը կավելանա կենսաթոշակին՝ դառնալով հավելյալ միջոց, որը կօգնի անշարժ գույք ունեցող թոշակառուներին ապահովել ավելի բարեկեցիկ կենսակերպ։

Մյուս նախագիծը վերաբերում է ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտին և առաջարկում է հետևյալ կարգավորումը. «Երբ ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում որևէ բնակելի անշարժ գույք են ձեռք բերում, նրանք տիրապետում են այդ անշարժ գույքը սեփականության իրավունքով, և որևէ ամուսնու մահից հետո ժառանգության ծավալ է բացվում, և ժառանգորդները հայտնվում են կենդանի մնացած ամուսնու հետ, դառնում են համասեփականատերեր։

Այս ինստիտուտի ներդրմամբ թույլ ենք տալիս, որպեսզի ամուսիններն իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահպանել կենդանի մնացած ամուսնու համար, և հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո գույքը կտրվի ժառանգության: Սա թույլ կտա ապահովել կենդանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը, և հետագայում միայն կլուծվեն արդեն ժառանգության խնդիրները»։

Նախաձեռնությամբ նախատեսվում է ընդլայնել կենսաթոշակառուների հնարավորությունների շրջանակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին պարզաբանեց, որ, օրինակ, Մաշտոցի պողոտայում բնակարան ունեցող թոշակառուն կարող է բանկի հետ կնքել հետադարձ հիփոթեքի պայմանագիր, որի արդյունքում բանկը ձեռք կբերի բնակարանը և ամսական կտրվածքով գումար կվճարի ամուսիններին։ Երկու ամուսինների մահից հետո ժառանգորդը պետք է բանկից հետ գնի այդ բնակարանը։

Leave a Comment