«Զառանցանք ու սադրանք է»․ Շահրամանյանը՝ արցախցիներին «փախած» անվանելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիներին Արցախից «փախչելու» մեջ մեղադրելու խոսքերը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը «զառանցանք» է անվանել։ Այդ մասին նա լրագրողներին ասել է «Եռաբլուր» պանթեոնում, ուր եկել էր հարգանքի տուրք մատուցելու 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հհիշատակին։

Շահրամանյանը հասարակությանը կոչ է արել «չտրվել այդպիսի սադրանքների», ինչպիսին իշխանության խոսույթն է արցախցիների մասին։

«Նման խոսույթները ունեն մեկ նպատակ՝ պառակտել և սերմանել մեր հասարակության մեջ անհանդուրժողականություն միմյանց նկատմամբ, ինչը գլոբալ մեծ ծրագրի մի մասն է»,- նշել է նա։

Արցախի նախագահը ՀՀ իշխանություններին հիշեցրել է, որ 2020 թվականին իրենք էին քաղաքական և դիվանագիտական առաջնագծում:

«Հենց իրենց գործողությունների հետևանքով է, որ այսօր արցախցիները հայտնվել են այս իրավիճակում, հայ ժողովուրդը կորցրել է Արցախը, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսօր Ադրբեջանը ներկայացնում է պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունները ստիպված են կատարել»,- հավելել է Շահրամանյանը։

Նա նաև արձագանքել է այն մեղադրանքներին, թե Արցախ վերադարձի մասին խոսելը նշանակում է պատերազմ։ Այդ համատեքստում նախագահը ընդգծել է, որ Հայաստանի անվտանգությունն իրենց համար առաջնահերթություն է։

«Մենք հասկանում ենք Հայաստանի իրավիճակը և փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չվնասենք Հայաստանի անվտանգությանը և չդառնանք նոր ռազմական գործողությունների պատճառ։ Միևնույն ժամանակ բարձրաձայնում ենք միջազգային իրավունքով նախատեսված մեր իրավունքները և փորձում տարբեր հարթակներում պահել վերադարձի հարցը օրակարգում»,- շեշտել է նա։

Շահրամանյանը նաև անդրադարձել է 2023-ին Արցախում իշխանությունը զավթելու մեղադրանքներին՝ առաջին անգամ բացելով փակագծեր։ Նա հայտարարել է, որ 2023-ին՝ Արցախի շրջափակման ամիսներին, ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ բարձրաձայնել է հրաժարական տալու մտադրության մասին՝ հիմնավորելով դա իր նկատմամբ վստահության կորստով և ռեսուրսների բացակայությամբ։

«Այդ ընթացքում քննարկվել են տարբեր թեկնածուներ, և գործընթացը տեղի է ունեցել ներքին քաղաքական համաձայնությունների շրջանակում՝ առանց արտաքին ճնշումների։ Այսօր հնչող պնդումները, թե տեղի է ունեցել իշխանության զավթում, իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ՝ Դավիթ Իշխանյանի նշանակումը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում տեղի է ունեցել Հարությունյանի ներկայացմամբ և առաջարկով»,- հայտարարել է նա։

Շահրամանյանը նաև նշել է, որ 2023-ին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի և Արցախի իշխանությունները կապի մեջ էին։

«Անձամբ խոսել եմ Փաշինյանի հետ, և նա նշել է, որ հաջորդ օրը կհայտարարի, որ Հայաստանի Հանրապետությունը այնտեղ զինված ուժեր չունի, ինչը և տեղի ունեցավ։ Մենք փորձել ենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնել և անել այնպես, որ ռազմական գործողությունները չտեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք, քանի որ այդ վտանգը իրական էր հատկապես Վարդենիսի և Սյունիքի ուղղություններով»,- ասել է ԱՀ նախագահը։

Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում վիճաբանություն էր տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արցախցի Արմինե Մոսիյանի միջև, երբ Փաշինյանն առաջարկել էր ՀՀ դրոշով պատկեր նվիրել կնոջ երեխային։ Փոխադարձ արձագանքներից հետո Փաշինյանը բարձր ձայնով և «մատ թափ տալով» էր պատասխանել կնոջը՝ արցախցիներին անվանելով «փախածներ»։ Նույն խոսույթը Փաշինյանն օգտագործել էր նաև ճեպազրույցում։ 

Leave a Comment