Ավագ հինգշաբթին ծիսական առումով ամենահագեցած օրն է․ պատարագ, ոտնլվա, իսկ երեկոյան՝ խավարման կարգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայր Զաքարիան՝ նշելով, որ Ավագ հինգշաբթին հիշատակում է Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը, որի ընթացքում Տերը վերցրեց բաղարջ հաց և անապակ գինի՝ հաստատելով Սուրբ հաղորդության խորհուրդը։
«Այս խորհուրդը ավելի հին է, քան Նոր կտակարանի գրքերը, եկեղեցու դավանաբանական և կանոնական սահմանումներն ու որոշումները։ Սուրբ հաղորդությունը երկնային մանանան է, հարության հույսը, երկնքի արքայության հավիտենականության սեղանի նախաճաշակումը, որ մշտապես մեզ հիշեցնում է մարդու հանդեպ Աստծու անսահման սիրո մասին»։
Հայր Զաքարիան նաև ընդգծել է, որ, Տիրոջ խոսքի համաձայն, առանց Սուրբ հաղորդության չկա քրիստոնյայի ճշմարիտ կյանք, և հորդորել է հավատացյալներին հաճախ հաղորդվել և զորանալ Տիրոջով։