Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») լուրջ մտահոգություններ է հայտնել Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի վերահսկողության որակի վերաբերյալ։
Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Վեստի» լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի կողմից իրականացվող ֆիտոսանիտարական հսկողությունը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պահանջներին։
Ըստ Դանկվերտի՝ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների ծավալներն աճել են գրեթե երեք անգամ՝ 36 միլիոնից հասնելով ավելի քան 100 միլիոն հատի։ Մասնագետների պնդմամբ՝ նման «ոչ տրամաբանական» աճը հիմք է տվել ենթադրելու, որ մատակարարվող ապրանքի զգալի մասը չունի հայկական ծագում։
«Այն տեսականին և քանակը, որը մենք ստանում ենք, թույլ է տալիս ենթադրել, որ ոչ ողջ արտադրանքն է արտադրված Հայաստանում։ Մենք սրանով զբաղվել ենք դեռ 2023 և 2024 թվականներին, քանի որ ապրանքաշրջանառության նման անբացատրելի աճ միշտ էլ եղել է»,- նշել է Սերգեյ Դանկվերտը։
Դանկվերտը շեշտել է, որ նման անտրամաբանական աճը և տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված միայն եվրոպական բեռնագրերի առկայությունը հիմք են տվել ենթադրելու, որ արտադրանքի զգալի մասը հայկական չէ։
Ստեղծված իրավիճակի պատճառով ռուսական կողմը իբր ստիպված է եղել ֆիտոսանիտարական հսկողությունը տեղափոխել անմիջապես սահմանային գոտի և խստացնել ներմուծման կանոնները։ 2025 թվականի հուլիսից արդեն իսկ ուժեղացված վերահսկողություն է սահմանվել ծաղիկների նկատմամբ, որն այսուհետ ներառելու է նաև արտադրության վայրերի պարտադիր ատեստավորում՝ կանխելու համար կարանտինային վտանգավոր օբյեկտների ներթափանցումը Ռուսաստանի տարածք։
