Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025-ի գործունեության հաղորդումը։ Ըստ այդմ՝ 2025-ին Հայաստանում գրանցվել է 40․722 հանցագործություն։ Դա 2024-ի համեմատ պակաս 1․335-ով։ Հանցագործությունների 82,6 %-ը համարվում է ոչ մեծ և միջին ծանրության։
Սեփականության դեմ հանցագործությունները նվազել են 13,7 %-ով, մարդու դեմ ուղղվածները՝ 23,2 %-ով, իսկ ճանապարհային խախտումների պատճառով արձանագրված դեպքերը՝ 7,6 %-ով։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025-ին Հայաստանում կատարվել է 40․722 հանցագործություն։ Դրանցից 18․857-ը կատարվել են Երևանում: Այս թվերը հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ներկայացնելով 2025-ի գործունեության հաղորդումը։ Դատախազությունը վստահեցնում է, որ 2024-ի համեմատ 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 1․335 դեպքով կամ 3,2 %-ով։ Ընդ որում՝ առաջին անգամ ՀՀ-ում հանցավորության տվյալներն ամփոփվել են և առանձնացվել հանցագործությունների հաշվառման և դրանց փաստացի կատարման տարիները։
100 հազար բնակչի հաշվարկով՝ դատախազությունը արձանագրել է հանցագործությունների 1․315 դեպք։
«2024 թվականի համեմատությամբ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերը նվազել են 1․516-ով կամ 7 %-ով, միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 795-ով կամ 6,2 %-ով, ծանր հանցագործությունների դեպքերը նվազել են 486-ով կամ 8,6 %-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, առանց հանկարծամահությունների, աճել են 65-ով կամ 10,9 %-ով»։
2025-ին արձանագրված 40․722 հանցագործությունների մեծ մասը՝ 82,6 %-ը, ոչ մեծ և միջին ծանրության են։ Ըստ դասակարգման՝ դրանք հասարակության համար նվազ վտանգավոր են։
«2024 թվականի համեմատությամբ՝ հանցավորության ընդհանուր ծավալի մեջ արձանագրվել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշռի նվազում 0,9 %-ով․ 2024 թվականին նշված ցուցանիշը կազմել է 18,3 %, իսկ 2025 թվականին՝ 17,4 %»։
Մոտ մեկ ամիս առաջ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրապարակել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիալական հարցումների արդյունքները։ Ըստ դրանց՝ դատախազության աշխատանքից «լիովին գոհ» և «ավելի շուտ գոհ» է Հայաստանի քաղաքացիների 43 %-ը։
«Եթե համեմատենք նախորդիվ մեր գնահատման ցուցանիշների հետ, այս տողով ցուցանիշն աճել է կայուն 6 %-ով։ Սա, կարծում եմ, մեր՝ որպես միասնական համակարգի, շատ կարևոր նվաճումն է։ Կարծում եմ, որ հավաստումն է այն պնդման, որը մենք մի անգամ չէ, որ կրկնում ենք, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև պետք է լինի տեսանելի»։
2025-ի արդյունքներով՝ առաջին հորիզոնականում Սյունիքի մարզի դատախազությունն է, երկրորդ և երրորդ տեղերը հավասար միավորներով կիսում են Գեղարքունիք մարզի և Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունները։
Գլխավոր դատախազը հատուկ շեշտել է Արարատի մարզի դատախազության աշխատանքը՝ նշելով, որ 2025-ին այն ապահովել է աննախադեպ ցուցանիշներ և բովանդակություն, հատկապես պետական շահերի պաշտպանության ոլորտում։ Ըստ Աննա Վարդապետյանի՝ դա չի նշանակում, որ մյուս ստորաբաժանումների աշխատանքը բավարար չէ, այլ որ պահանջներն են խստացել և խոստումներից անցում է կատարվել կոնկրետ արդյունքների։
2024-ի համեմատ 2025–ին սեփականության դեմ ուղղված հանցագործությունները պակասել են 13,7 %-ով։
Երևանում սեփականության դեմ ուղղված հանցագործությունները պակասել են 653-ով կամ 8,9 %-ով։
1 %-ով կամ 11 դեպքով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները․ 2024-ին արձանագրվել է 1․097, իսկ 2025-ին՝ 1․108 դեպք։
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 մլրդ 341 մլն 581 հազար դրամի վնաս:
Պետությանը պատճառված վնասը վերականգնվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կատարած հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:
«Նշված հանցատեսակի նվազումը տարեցտարի կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է 141 դեպք, 2024-ին՝ 111 դեպք, իսկ 2025-ին՝ 87 դեպք: Բացահայտումը ինչպես և 2024-ին կազմել է 100 %»:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2025-ին պակասել են 1․739 դեպքով կամ 23,2 %-ով․ 2024-ին արձանագրվել է 7․508 դեպք, իսկ 2025-ին՝ 5․769 դեպք։
Բացի այդ՝ 2025-ին պակասել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ կատարված հանցագործությունները։
«Եթե 2024 թվականին արձանագրվել է 1․918 դեպք, ապա 2025 թվականին՝ 1․772 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 146-ով կամ 7,6 %-ով: Բացահայտումը կազմել է 37,6 %՝ նախորդ տարվա 35,5 %-ի դիմաց»։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրեր առաջ ամփոփելով դատախազության 2025-ի աշխատանքը, այն գնահատել էր արդյունավետ ոչ միայն վիճակագրական տվյալների, այլև հանրության շրջանում դատախազի կերպարի մասին պատկերացումների փոփոխության տեսանկյունից։