Մերձավոր Արևելքում արդեն մեկ ամիս շարունակվող ռազմական գործողությունները, ըստ փորձագետների, կարող են և անակնկալ ավարտ ունենալ, և անորոշ ժամկետով երկարաձգվել։ Կողմերն, ըստ նրանց, նախորդ շաբաթների ընթացքում գրանցել են ոչ թե ռազմավարական, այլ տակտիկական հաջողություններ։
Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմին և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցությանն են անդրադարձել «ԱՊՐԻ Արմենիա» կենտրոնի փորձագետները։ Շարունակվող պատերազմն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ կամ ի՞նչ հնարավորություններ կարող է ստեղծել մեր երկրի ու տարածաշրջանի համար։
Մերձավոր Արևելքում արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմի ավարտը փորձագետները չեն տեսնում, թեև նկատում են, որ առնվազն ԱՄՆ-ն փորձում է իրավիճակից դուրս գալու ելք փնտրել։ Նրանց գնահատմամբ՝ պատերազմում գրանցվել են տակտիկական հաջողություններ, սակայն ո՛չ ռազմավարական։ Այս պահի դրությամբ ամեն ինչ է հնարավոր՝ ասում է «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ խորհրդատու, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Նա չի բացառում ցամաքային գործողությունների հավանականությունը, ինչը, կարծում է, կերկարաձգի պատերազմը։
«Այդ քայլը, օրինակ՝ կղզիներ գրավելը, կարող է բերել ավելի ծանր հետևանքների։ Դրան կարող է հաջորդել մյուս՝ Հորմուզի ափը գրավելու փուլը, իսկ այն շատ երկար ու մեծ է։ Ստացվում է մեծ ու լայնածավալ պատերազմ։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի բանակում սա լավ հասկանում են, բայց դա հասկանո՞ւմ է քաղաքական ղեկավարությունը՝ դժվարանում եմ ասել»։
Փորձագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ ցամաքային գործողություններ սկսելու կամ չսկսելու որոշումը պայմանավորված է երկու հանգամանքով․
«Իմ գնահատմամբ՝ նախագահ Թրամփին անհրաժեշտ է պատերազմն ավարտել այնպես, որ ինքը կարողանա պնդել, որ Միացյալ Նահանգները հաղթել է, և որ ԱՄՆ բնակչության մեծամասնությունը հավատա կամ ընդունի, որ երկիրը հաղթել է»։
Թե ինչ որոշում կընդունի Թրամփը ցամաքային գործողությունների վերաբերյալ, փորձագետները դժվարանում են ասել՝ հաշվի առնելով նաև այն, որ ԱՄՆ նախագահն առաջիկա ընտրությունների առումով մտահոգություններ ունի։
Փորձագետների գնահատմամբ՝ մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի վրա պատերազմի անվտանգային, հումանիտար և տնտեսական ազդեցությունը մինչև այս պահն առանձնապես զգալի չէ։ Թե ինչ կլինի հետո, կախված է պատերազմի ընթացքից և արդյունքներից։
Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ Իրանի պատերազմը չի ազդել նաև Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա մինչև այս պահը գոյություն ունեցող հարաբերությունների վրա։ Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա իրավիճակը, ըստ փորձագետների, այնքան էլ միանշանակ չէ, եթե հաշվի առնենք այդ երկրում Իսրայելի որոշակի ներկայությունը։
«Իմ գնահատմամբ՝ Ադրբեջանը կմտնի պատերազմի մեջ կամ առնվազն թույլ կտա, որ բացահայտ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ (շեշտում եմ բացահայտ, որովհետև գուցե ոչ բացահայտ արդեն օգտագործվում է) միայն այն դեպքում, երբ Ադրբեջանում գրեթե վստահ լինեն կամ 100 %-ով վստահ լինեն, որ Իրանում տեղի է ունենալու վարչակարգի փոփոխություն, Իսլամական Հանրապետությունը իր գոյությունը չի շարունակելու: Հակառակ պարագայում, դրա հավանականությունը բավականաչափ փոքր եմ գնահատում»։
Այս սցենարը հնարավոր է համարում նաև իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։ Նա այդ առումով երկու սցենար է տեսնում, որոնք զուտ փորձագիտական մակարդակում քննարկվում են նաև Իրանում։
«Ադրբեջան-Իրան հնարավոր էսկալացիան կարող է լինել երկու ուղղությամբ։ Առաջինը՝ կամ Ադրբեջանից Իրանի դեմ, կամ՝ Իրանի կողմից Ադրբեջանի դեմ։ Իրանը պատրաստ կլինի դիմել ինչ-որ քայլերի, եթե ակնհայտորեն Ադրբեջանն օգնություն տրամադրի Իսրայելին։ Հիմա նրանք դա, առնվազն, փորձում են չանել կամ անել այնպես, որ որևէ մեկը չտեսնի կամ չկարողանա ապացուցել։ Ադրբեջանը պատրաստ կլինի ինչ-որ քայլ Իրանի դեմ անել միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ որևէ սպառնալիք Իրանի կողմից չկա։ Որովհետև Ադրբեջանը չունի Իրանին դիմադրելու ռազմավարական խորություն»։
Հայաստանը, ըստ Բենիամին Պողոսյանի, զգուշավոր մոտեցում է ցուցաբերում, ինչը հասկանալի է և տրամաբանական. մեկ տարի առաջ ստորագրվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործակցության մասին փաստաթուղթը, դրանից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները զարգացման միտում են արձանագրել։ Մյուս կողմից՝ Իրանը կարևոր պետություն է Հայաստանի համար։ Բենիամին Պողոսյանը հիշեցնում է Թեհրանի հստակ դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի» հարցում։
«Այս համատեքստում ակնկալել, որ Հայաստանը ինչ-որ ակտիվ դիրքորոշում պետք է արտահայտի, ինչ-որ տեսակետներով հանդես գա և այլն, կարծում եմ, այնքան էլ լուրջ է։ Գտնում եմ, որ Հայաստանը պետք է ամեն ինչ անի՝ փորձի հնարավորինս, այսպես ասենք, մի կողմից պահպանել Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ, որքանով որ հնարավոր են։ Մյուս կողմից էլ՝ փորձի այս Միացյալ Նահանգների հետ նկատվող այդ դրական միտումները պահպանել, իսկ սովորաբար նման դեպքերում կան իրավիճակներ, երբ ինչքան քիչ քայլեր ես անում և հայտարարություններ ես անում, այնքան բացասական հետևանքները կարող են ավելի քիչ լինել»։
Լեոնիդ Ներսիսյանն էլ նկատում է՝ Հայաստանն արձագանքել է Իրանում նոր ղեկավարների նշանակմանը և հումանիտար օգնություն է ուղարկել։ Ավելին անելու անհրաժեշտություն, ըստ փորձագետի, չկա։
«Հիմա այդ բալանսը պահելու խնդիր կա՝ շարունակել և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Իմ կարծիքով, դա գլխավոր խնդիրն է այստեղ։ Անկեղծ ասած՝ աշխարհում շատ պետություններ կան, որոնք Հայաստանից ավելի ջերմ են Իրանի նկատմամբ այս պահին»։
Անդրադառնալով TRIPP–ին՝ փորձագետները նկատում են, որ նախագծի վրա պատերազմը կարող է երկու ձևով ազդել՝ ռիսկերի մեծացման պայմաններում նախագծի իրականացման հետաձգում կամ որոշակի փոփոխություն՝ պայմանավորված Իրանի հետագա իրավիճակով։ Վերլուծաբանները չեն բացառում նաև նախագծի վրա որևէ ազդեցություն չունենալու հեռանկարը։