01 Ապրիլի 2026, 20:00
Տարբեր մշակույթների կապը երբեմն բացահայտվում է ամենաանսպասելի ոլորտներում, այդ թվում՝ լեզվաբանական դաշտում։ Նոր հետազոտությունն առաջին անգամ քանակական մեթոդներով փաստել է այս փոխկապակցվածությունը, գրում է Naked Science-ը։
Օգտագործելով արհեստական բանականությունը՝ Սան Դիեգոյի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները հայտնաբերել են ուշագրավ նմանություններ Աֆրիկայի և Եվրասիայի կովկասյան տարածաշրջանի հին գրային համակարգերի միջև։ Մասնավորապես, «Digital Scholarship in the Humanities» հանդեսում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ հայկական այբուբենը կառուցվածքային առումով կարող է ավելի մոտ լինել եթովպական հին գրային համակարգին, քան մինչ այժմ կարծում էին լեզվաբաններն ու պատմաբանները։
Գիտնականները վաղուց նկատել են, որ հայկական, վրացական և կովկասյան-ալբանական որոշ տառեր նման են եթովպական այբուբենի նշաններին։ Սակայն մինչ այժմ այս թեմայի վերաբերյալ բոլոր եզրակացությունները հիմնված էին տեսողական դիտարկումների և գիտնականների սուբյեկտիվ գնահատականների վրա։ Նոր հետազոտության հեղինակները, բացառելու համար մարդկային գործոնը և ստանալու օբյեկտիվ արդյունք, ուսումնասիրել են նեյրոցանցը՝ օգտագործելով ավելի քան 28 հազար եթովպական տառերի պատկերներ։ Ծրագիրը սովորել է ճանաչել տառերի կորերը, ուղիղ գծերը, անկյունները և ընդհանուր կառուցվածքը, ապա դրանք համեմատել հայկական, վրացական և կովկասյան ալբանական այբուբենների տառերի հետ՝ գնահատելով նմանության աստիճանը։
Հետազոտության ամենահետաքրքիր արդյունքներից մեկն այն է, որ այն քանակական եղանակով անուղղակիորեն հաստատում է՝ վրացական և կովկասյան-ալբանական այբուբենները ծագում են հայկականից։ Այն հանգամանքը, որ հայկական այբուբենը ձևագրական առումով ավելի մոտ է եթովպական տառերին, քան մյուս անդրկովկասյան այբուբենները, ցույց է տալիս, որ տարածաշրջանում առաջին գրային համակարգը եղել է հայկականը, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարի սկզբին։
Ըստ ամենայնի, նրա ստեղծած գրային համակարգը փոքր փոփոխություններով համեմատաբար հեշտությամբ յուրացվել է նաև տարածաշրջանի այլ լեզուների կրողների կողմից։