ՌԴ ԱԳՆ-ն հերքել է «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարման կոնցեսիան երրորդ երկրի հանձնման քննարկումները

Մոսկվան բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան» երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Զախարովան նշել է, որ ՀԿԵ «Երկաթուղի» ՓԲԸ-ն երկար տարիներ շարունակ կատարում է իր պարտավորությունները, իսկ Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներում ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի:

Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը ռուսական երկաթուղիների դուստր կառույցին՝ «Հարավկովկասյան երկաթուղուն» հանձնելու կոնցեսիոն պայմանագիրը ստորագրվել է 2008 թվականի փետրվարին:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 30-ին հայտարարել էր, որ Մոսկվան բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու վերաբերյալ: Նրա խոսքով՝ ռուսական կողմը չի նախատեսում կոնցեսիան հանձնել երրորդ երկրներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին հայտնել էր, որ իշխանությունները քննարկում են երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Երևանին և Մոսկվային բարեկամ երրորդ երկրի հանձնելու հնարավորությունը: Հնարավոր տարբերակների շարքում նա նշել էր Ղազախստանը, ԱՄԷ-ն և Կատարը: Նրա խոսքով՝ երկաթուղին մնում է Հայաստանի սեփականությունը, իսկ կառավարման մոդելի վերանայումը պայմանավորված է տարածաշրջանային տրանսպորտային նախագծերում երկրի մրցունակության բարձրացման ձգտմամբ:

Փաշինյանը նաև կոչ էր արել ռուս գործընկերներին արագացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնումը՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) տրանսպորտային նախաձեռնության իրականացման համատեքստում:

Leave a Comment