Արդեն 33 օր է՝ Մերձավոր Արևելքում շարունակվում է պատերազմը։ Դրան զուգահեռ՝ վերջին մեկ շաբաթում բանակցությունների մասին բազմաթիվ հայտարարություններ են հնչում, հատկապես ամերիկյան կողմից։ Թեև պաշտոնական Թեհրանը բանակցությունների փաստը չի հաստատում, այնուամենայնիվ նախանշաններ կան, որ պատերազմի ավարտը մոտ է։
Մարտի 31-ի ուշ երեկոյան Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շատ շուտով կլքի Իրանը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ, ոչ ի պատասխան Թրամփի հայտարարությանը, խոսել է պատերազմն ավարտելու անհրաժեշտ կամքի մասին։ Պատերազմող երրորդ կողմը՝ Իսրայելը, դեռևս հրաժարվում է պատերազմի ավարտի ժամեկետներ նշելուց։
Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված պատերազմը կարող է ավարտվել արդեն ապրիլի վերջին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին բառացիորեն ասել է․ «ԱՄՆ-Իսրայելական պատերազմը Իրանի դեմ կարող է ավարտվել առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում»։
Հարցին, թե արդյոք Իրանի հետ դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելը նախապայման է, որպեսզի դադարեցվի այն գործողությունը, որը Վաշինգտոնն անվանել է «Էպիկական ցասում», Թրամփը պատասխանել է՝ ոչ: «Իրանի վրա հարձակումները կդադարեն, նույնիսկ եթե երկրի ղեկավարության հետ համաձայնության չհասնենք։ Նրանք ռեժիմի փոփոխություն ունեն։ Դա իմ ծրագիրը չէր։ Իմ նպատակը նրանց միջուկային զենք ստանալու ծրագիրը կանխելն էր, և այդ նպատակին հասել ենք։ Մենք ավարտում ենք աշխատանքը, և կարծում եմ՝ երկու շաբաթ կտևի, գուցե մի քանի օր ավելի»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Փորձագետների կարծիքով՝ առայժմ հստակ չէ, թե արդյոք Վաշինգտոնն ու Թել Ավիվը կարողացել են խափանել Թեհրանի միջուկային ծրագիրը, քանի որ հավաստի տեղեկություններ չկան։ Մինչդեռ իրանական կողմը պնդում է, որ միջուկային ծրագիրը չի դադարեցվել՝ դարձյալ ընդգծելով, որ այն կրում է բացառապես խաղաղ բնույթ։
Պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է․ «Իրանն անհրաժեշտ կամք ունի ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմն ավարտելու, եթե կարևոր պայմանները՝ հատկապես ագրեսիայի կրկնության բացառման երաշխիքներն ապահովվեն»։
Թեհրանն ավելի վաղ այսպես էր ձևակերպել իր պահանջները․ պատերազմը կավարտվի միայն վնասների փոխհատուցման, պատժամիջոցների վերացման և հնարավոր ագրեսիայի դեմ միջազգային հաստատուն երաշխիքների տրամադրման դեպքում։ «Ալ Ջազիրային» տված հարցազրույցում այս պահանջները վերահաստատել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Գլխավոր դիվանագետն ասել է, որ ինքը հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ, սակայն դա բանակցություն չէ։
Պատերազմի ավարտն ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վերանայելու Վաշինգտոնի մտադրությունը
Իրանի դեմ պատերազմը որոշակի սառնություն է մտցրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերություններում։ Պատճառը Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարություններին չընդառաջելն է։
Թրամփը համարում է, որ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը պետք է մտահոգի ոչ թե Միացյալ Նահանգներին, այլ ուրիշ երկրների, հատկապես եվրոպական։ «Եթե Ֆրանսիան կամ որևէ այլ երկիր ցանկանում է նավթ կամ գազ արդյունահանել, նրանք կարող են անցնել Հորմուզի նեղուցով և հոգ տանել իրենց մասին։ Այն, ինչ կատարվում է նեղուցում, մեզ չի վերաբերում»,– ասել է Թրամփը։
Ավելին՝ երբ Ֆրանսիա՛ն, Իտալիա՛ն, Իսպանիա՛ն և Շվեյցարիա՛ն հայտարարեցին, որ սահմանափակում են Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավված ամերիկյան ռազմական օդանավերի համար իրենց օդային տարածքը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը կվերանայի հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։ Մարկո Ռուբիոն ասել է, որ ՆԱՏՕ-ն ստեղծվել է ոչ միայն եվրոպական երկրները պաշտպանելու համար, այլև ԱՄՆ-ին հնարավորություն տալու ռազմական բազաներ տեղակայելու Եվրոպայում՝ սեփական ազգային անվտանգության շահերը պաշտպանելու համար։ Նա շեշտել է, որ եթե դաշինքի կազմում ԱՄՆ-ն չի կարող օգտագործել այդ բազաները իր շահերի պաշտպանության համար, ապա գործակցությունը ՆԱՏՕ–ի հետ դառնում է միակողմանի։
Փորձագետներն ընդգծում են, որ Ռուբիոյի այս հայտարարությունը խոսում է ԱՄՆ–ՆԱՏՕ հարաբերություններում աճող լարվածության մասին, որը կարող է հանգեցնել դաշինքում դերերի և պարտավորությունների վերաբաշխմանը։
Հորմուզի նեղուցը «մահակ»
Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի և, որպես դրա հետևանք, Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների խափանումների պատճառով գլոբալ էներգետիկ և առևտրային հոսքերը կտրուկ փոխվել են ողջ աշխարհում։ Ըստ նավագնացության և առևտրի փորձագետների՝ նույնիսկ եթե ջրային ճանապարհը վերաբացվի, համաշխարհային մատակարարման շղթաների խափանումը դեռ երկար կզգացվի։
«Երբ պատերազմը պաշտոնապես ավարտվի և ռմբակոծությունները դադարեցվեն, դա չի նշանակի, որ լոգիստիկայի համար պատերազմն ավարտված է, քանի որ այդ ժամանակ է սկսվում իրական աշխատանքը»,– ասել է գերմանական նավագնացության հսկա Hapag-Lloyd-ի կորպորատիվ հաղորդակցությունների ավագ տնօրեն Նիլս Հաուպտը։
Իսկ Իրանի խորհրդարանը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար մաքսավճար սահմանելու մասին օրինագիծը: Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ բոլոր նավերը Հորմուզի նեղուցով պետք է անցնեն բացառապես Թեհրանի թույլտվությամբ: