1 ապրիլի 2026 – 17:47 AMT
PanARMENIAN.Net – Դատարանը որոշում է կայացրել վերացնել Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Հարութ Ակլունցը։
«Դատարանը բավարարել է քննիչի և դատախազի գործողությունների դեմ իմ բողոքը, ճանաչել է գերաշնորհ Սրբազան հայր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի իրավունքի խախտման փաստը և պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը»,-գրել է նա:
Փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենար Եպիսկոպոսաց ժողով։ Հունվարի 31-ին դատարանը որպես խափանման միջոց բացակայելու արգելք է կիրառել մի շարք եկեղեցականների նկատմամբ՝ այդ թվում Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Հովնան եպիսկոպոս Հակոբյանի և Մակար սրբազանի։ Ավելի վաղ նման սահմանափակում է կիրառվել նաև Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։