Ապրիլի 1-ից Հայաստանում 623 հազար մարդ ավելացված կենսաթոշակ կստանա

Ապրիլի 1-ն այս անգամ թոշակառուների համար նշանավորվում է ոչ թե կատակներով, այլ կենսաթոշակի իրական հավելումով՝ մոտ 10 հազար դրամով։ Կառավարությունը պարզաբանում է, որ այս քայլը հիմնված է տնտեսական աճի դրական ցուցանիշների վրա և ուղղված է կենսաթոշակառուների սոցիալական պայմանների բարելավմանը։ Մյուս կողմից՝ որոշ քաղաքական ուժեր քննադատում են այդ որոշումը՝ պայմանավորելով գալիք խորհրդարանական ընտրություններով, համարելով նախընտրական կաշառք։

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կավելանան մոտ 10 հազար դրամով։ Աշխատանքային ամսական կենսաթոշակը 48․993-ից կդառնա 59․181 դրամ, զինվորական կենսաթոշակը կավելանա՝ 96․321-ից դառնալով ավելի քան 105 հզր դրամ։

Աշխատանքի և սոցիաական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ կավելանան նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստները։

«623 հազար 353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի։ Մնացած 39 հազար 594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամովնրանք հիմնականում երկարամյա զինվորական կենսաթոշակ ստացող մեր քաղաքացիներն են, որոնց կենսաթոշակը արդեն իսկ միջինը կազմում է 95 հազար դրամ»։

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ առաջին, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև ֆունկցիոնալության խոր, ծանր և միջին սահմանափակում ունեցող քաղաքացիների համար սահմանված վճարները կկազմեն համապատասխանաբար՝ 49 հազար, 47․500 և 46 հազար դրամ։

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով` բացառապես անկանխիկ եղանակով:

Արսեն Թորոսյանը միաժամանակ հայտնում է, որ հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ կատարված են: Այդուհանդերձ, կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել բանկային քարտը առաքելու համար: 

Ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու կառավարության մտադրության մասին ամիսներ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան»։

Թոշակների բարձրացման մասին հայտարարությունները համընկան նախընտրական փուլում քաղաքական ուժերի ակտիվացմանը։ Ընդդիմադիրները կառավարության այս որոշումը նախընտրական քայլ են որակում։

«ՀայաՔվե» նախաձեռնությունը կենսաթոշակի ավելացումը 10 հազար դրամով նախընտրական կաշառք է համարում:

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարծում է, որ թոշակների բարձրացումը քաղաքական հաշվարկ է։ Նրա համոզմամբ՝ կուսակցության և դրա առաջնորդի գործոնն է ստիպել իշխանությանը ընտրություններից առաջ դիմելու այս քայլին։

«Այսինքն՝ կար հնարավորություն բարձրացնելում և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարը»։

Արձագանքելով այս հայտարարություններին՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է մինչև 2018-ի հեղափոխությունը տիրող իրավիճակը։

«Հիմա եկեք մի պահ նայենք՝ ինչ վիճակ էր 2018 թվականին, երբ որ իշխանություն էին Սերժ Սարգսյանն ու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբայրը: Նվազագույն կենսաթոշակի գումարը գիտե՞ք ինչքան էր կազմում․ 16 հազար դրամ: Այսինքն՝ մենք ութ տարվա մեջ նվազագույն կենսաթոշակը ավելացրել ենք 30 հազար դրամով՝ չհաշված հետվճարը»։

Ընդդիմադիր գործիչներին Նիկոլ Փաշինյանը հակադարձում է տնտեսական ցուցանիշներով։ Ըստ վարչապետի՝ կառավարությունը երկու հիմնական պատճառ ունի այս որոշման համար։

«Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականին եղել է կանխատեսվածից ավելի բարձր։ Դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, և, ճիշտն ասած, բավական մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում, և բյուջետային հատկացումները, որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար։ Ե՛վ հունվարի, և՛ փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը, այնուամենայնիվ, ճիշտ է եղել»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը համոզված է, որ կենսաթոշակի ավելացումը չի կարող ընտրկաշառք համարվել: Նախարարի խոսքով՝ երկրում արձանագրվող տնտեսական աճն է տալիս այս հնարավորությունը։ Մարդիկ աշխատում են, վճարում են հարկեր, իսկ այդ գումարով կառավարությունը հնարավորություն է ստանում բարձրացնելու կենսաթոշակները։

«Այս օրը խաբելու օրը չէ․ այդ օրը հումորի, ժպտալու և ծիծաղի օրն է, և մեր տատիկ-պապիկները կունենան ևս մեկ առիթ՝ ժպտալու, ծիծաղելու և իրենց ծերությունն ավելի բարեկեցիկ վայելելու, քան մինչև այս է եղել»։

Ավելացված կենսաթոշակները կհաշվարկվեն արդեն ապրիլի 1-ից, և դա, ըստ էկոնոմիկայի նախարարի, ամենևին ապրիլմեկյան կատակ չէ։

Leave a Comment