«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանիցմեկն եմ»




Ապրիլի 2-ին Աուտիզմի ազգային հիմնադրամը՝ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության հետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող  և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ համաֆինանսավորվող «Մշակույթն իմ ուղին» ծրագրի շրջանակում, «Իմ Ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում (հասցե՝ ք. Երևան, Գյուրջյան 29/1) կանցկացնի իր ամենամյա, հասարակական նշանակություն ունեցող միջոցառումը։


 


Միջոցառումը կկրի «Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ» խորագիրը՝ փոխանցելով ընդունման, ներառականության, հավասարության և յուրաքանչյուր մարդու՝ հասարակության լիարժեք անդամ լինելու իրավունքի կարևոր ուղերձը։


 


Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանում աուտիզմի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև ընդգծել աուտիզմ ունեցող անձանց և նրանց ընտանիքների նկատմամբ ըմբռնման, ընդունման և շարունակական աջակցության կարևորությունը։


 


Ծրագրում՝


 


 Ինկլյուզիվ համերգ, որը կկազմակերպվի ծրագրի գործընկեր «Side by Side» ներառական կրթական հասարակական կազմակերպության կողմից՝ հայտնի երաժիշտների և «Իմ Ուղին» կենտրոնի շահառուների համատեղ մասնակցությամբ։ Համերգը կնպաստի խոցելի խմբերի նկատմամբ իրազեկվածության բարձրացմանը, հանդուրժողականության և գնահատման մշակույթի ձևավորմանը՝ դարձնելով արվեստը հավասար հնարավորությունների և փոխըմբռնման լեզու։


 


«Տերյան մշակութային կենտրոն»-ի աշխատակիցները արդեն մի քանի ամիս է՝ աշխատում են հատուկ հմտություններ ունեցող երեխաների հետ։


Միջոցառման ընթացքում կներկայացվեն մեր ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքները՝ որպես համատեղ աշխատանքի արդյունք։


Մենթորների, ծնողների և երեխաների միասնական ու նվիրումով իրականացված աշխատանքը տվել է իր գեղեցիկ պտուղները։


 


 


Leave a Comment