Ռուսաստանը Իրանի դեմ պատերազմից շահում է

1in.am Մենք հակառակ կողմին ոչ մի պայման կամ կետ չենք ներկայացրել: Այսպես կոչված «հինգ պայմանները» ընդամենը ենթադրություններ են, որոնք հնչեցվել են լրատվամիջոցներից մեկի կողմից: Իհարկե, ԶԼՄ-ները հակված են ենթադրություններ ու գնահատականներ տալուն, դա նրանց աշխատանքն է: Սակայն մինչ այժմ մենք ամերիկյան կողմից նրանց առաջարկի վերաբերյալ որևէ պատասխան չենք ներկայացրել, և մեր կողմից որևէ որոշում չի կայացվել: «Ալ-ջազիրա» հեռուստաընկերությունը հարցազրույցում ԱՄՆ հետ բանակցությունների մասին այսպիսի դիրքորոշում է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:


 


Iran Internacional-ի տեղեկացվածությամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարությունը «նախագահ Փեզեշքիանին լիովին մեկուսացրել է քաղաքական որոշումների կայացումից եւ արգելափակել գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ նրա շփումները»: Ներկայումս Իրանում փաստացի իշխանություն իրականացնում է ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարությունը:


 


«Ալ-ջազիրային» Աբաս Արաղչիի հարցազրույցի ֆոնին տարածվել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հայտարարությունը, որ նա արել է Russia Today-ի եթերում՝ պատասխանելով ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին հարցին: Ըստ այդմ, Իրանին ձեռնտու չէ ժամանակավոր հրադադարը, պետք է հասնել «տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության հաստատման»: Իրանը պնդում է, որ «ագրեսորը պետք է բացահայտվի և պատասխանատվության ենթարկվի»:


 


Թեհրանի հաջորդ պահանջը վերաբերում է «կրած վնասի լիակատար փոխհատուցմանը»: Իրանական կողմը պնդում է, որ խաղաղ կարգավորման «նախապայմաններից մեկը սահմանված ապօրինի պատժամիջոցների չեղարկումն» է: Մոսկվայում Իրանի դեսպան Ջալալին նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի հարցին: Ըստ նրա, «միջազգային հանրությունը պետք է պաշտոնապես ճանաչի միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու Իրանի իրավունքը»:


 


Փաստացի Մոսկվայում Իրանի դեսպանը հնչեցրել է նույն «հինգ պայմանները», որ Աբաս Արաղչին անվանել է «լրատվամիջոցներից մեկի ենթադրություն»: Ի՞նչ է դա նշանակում: Կարելի՞ է ենթադրել, որ Իրանում իշխանության ճգնաժամն այնքան է խորացել, որ արտաքին գործերի նախարարը «դեսպանին չի վերահսկում»: Այստեղ նաև էական է, որ իրանական «հինգ պայմանները» բացահայտել է Մոսկվայում Իսլամական հանրապետության դեսպանը: Խիստ ուշագրավ է, որ նույն օրը ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ՏԱՍՍ-ին ասել է, որ պատերազմի սկզբից ի վեր «ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության հետ հաստատվել են շփումներ»:


 


Բացառված չէ, որ Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման հարցում գործում է ռուս-ամերիկյան գաղտնի բանակցությունների հարթակ, որտեղ քննարկվում են առարկայական հարցեր: Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հորմուզի նեղուցի փոխարեն «անվտանգ լոգիստիկա առաջարկել»: Խոսքը ի՞նչ երթուղիների մասին է, նա չի մասնավորեցրել: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը «շահագրգռված է Իրանի դեմ պատերազմի երկարաձգմամբ»: Այդ շահը կտարածվի նաև Հարավային Կովկասի՞ վրա:


 


 


Leave a Comment