Երկրի ղեկավարի վրա ձեռք բարձրացնելու փորձը չի կարող անհետևանք մնալ՝ անկախ տարիքից ու սեռից. Ալխաս Ղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը

– Տիկի՛ն Ղազարյան, Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կիրակի ձերբակալված Միքայել Մինասյանը ազատ արձակվեց: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին: Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել 5 մլն դրամ գրավը, իսկ Դավիթ Մինասյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունն այսօր դատարանը բավարարեց: Վերջին փաստը հատկապես լայն քննարկման ու քննադատությունների առիթ է դարձել համացանցում, որպես իշխանության ներկայացուցիչ՝ ընդհանուր իրավիճակն ու քննադատությունները ինչպե՞ս կգնահատեք:

– Շնորհակալ եմ հարցի համար, իրականում շատ նուրբ հարց է, բայց մյուս կողմից՝ ամեն անգամ, երբ նման երևույթների անդրադառնանք, որտեղ իրավապահ համակարգը պետք է իր աշխատանքը կատարի, լսում ենք տարբեր տեսակի գնահատականներ հանրության ու ընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից: Ես կարծում եմ, որ այն, ինչ իրավական առումով խնդրահարույց է, պետք է ստանա իրավական գնահատական՝ անկախ ամեն ինչից: 

Ամիսներ առաջ նույն խոսակցությունները կային եկեղեցու սպասավորների վերաբերյալ, թե արդյոք իրենք չունե՞ն առավելություն և այլն, բայց մենք բազմիցս ենք ասել, որ իրավական երկրում օրենքի առաջ բոլորն են հավասար՝ կապ չունի, թե դու ով ես, պետք է արածներիդ համար պատասխան կրես, ու սա շատ լավ մոտեցում է: 

Եկեղեցում տեղի ունեցածը շատ զազրելի էր, ընդ որում՝ ես Եկեղեցու կողմից ոչ մի քննադատական խոսքի չեմ հանդիպել, որ չի կարելի նման վարք դրսևորել, բայց պատկերացնում եմ՝ ինչ կլիներ, եթե նման վարք դրսևորեր իշխանության որևէ ներկայացուցիչ: Կապ չունի, թե դու ի՛նչ տարիքի ու սեռի ես, դու փորձ ես արել ձեռք բարձրացնել երկրի ղեկավարի վրա, ինչը նախևառաջ վիրավորական է վարչապետի ինստիտուտի նկատմամբ, էլ չեմ ասում մյուս առումներով, հետևաբար այն չի կարող անհետևանք մնալ: Ես դեմ եմ ցանկացած բռնության՝ հատկապես եկեղեցու ներսում: Մենք ուղղակի գնահատական չպետք է հնչեցնենք ու պետք է թողնենք, որ իրավապահ համակարգն աշխատի: Հակառակ կարծիքներն ու գնահատականն էլ կա. այդ օրը ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, թե ինչպես կարելի էր նման բան թույլ տալ, պետք է կոշտ դատապարտվի կատարվածը:

– Հանրության մի մասն էլ ասում է, որ բնավ պետք չէր, որ վարչապետը, այն պարագայում, երբ եկեղեցու ներսում հոծ բազմություն էր, մարդկանց հրմշտելով, ամեն գնով հասներ խորանի մոտ, թող կանգներ վերջում, նման միջադեպ էլ չէր լինի: 

– Այո՛, լիքը հավատացյալներ նաև դրսում էին, ես էլ եմ դրսում սպասել, բայց այնպես չէր, որ եկեղեցու ներսից մարդիկ դուրս չէին գալիս, մի մասը մտնում էր, մյուսը՝ դուրս գալիս: Վարչապետն էլ առաջ ընթացավ, ընդ որում՝ շատ քչերը նրա հետ ներս մտան, մնացածս դրսում էինք ու շփվում էինք քաղաքացիների հետ: Պետք է ասեմ, որ շփումը շատ բարեհամբույր էր, քննարկում ենք ունեցել, լուսանկարվել ենք, այսինքն՝ որևէ լարվածություն չկար: Քանի որ ամեն ինչ ուղիղ եթերում է եղել, ես ո՛չ չափազանցելու, ո՛չ էլ իրականությունը չասելու խնդիր չունեմ: 

– Կարծիքներ հնչեցին նաև, որ Փաշինյանը, լավ իմանալով, որ հանրությունը միանշանակ վերաբերմունք չունի իր նկատմամբ, երբեմն նաև սադրում է մարդկանց:

– Ես համաձայն չեմ ու չգիտեմ, թե որտեղից են նման եզրակացության հանգել, իբրև ապացույց իմ ասածներին կարող եք նայել մեր ուղիղ եթերները: Մենք գնում և շփվում ենք մարդկանց հետ, ընդ որում՝ չպլանավորված, ու մարդկանց վերաբերմունքը շատ-շատ դրական է, իրապես ջերմ են, հոգատար ու սրտացավ, թաքցնելու ոչինչ չկա, ուղիղ եթերները կան: Նույն այդ իրականությանը զուգահեռ համացանցում տեսնում ես լրիվ այլ իրականություն ու ապշում, որովհետև ֆեյքերի բանակով ինչ փորձում են գեներացնել համացանցում, իրական կյանքում բացարձակապես նման բան չկա: 

– Տիկի՛ն Ղազարյան, իսկ մտավախություն չունե՞ք, որ այս կալանավորումներով առկա մթնոլորտը ոչ միայն չի շտկվի, այլ նաև ավելի կբորբոքվի:

– Մենք դեռ անցած տարվանից մի քանի վտանգավոր պլանավորման ականատես եղել ենք, ու իրավապահ համակարգը շատ լավ աշխատել է, ու կարողացել են կանխել ահաբեկչության փորձ: Ես լիովին ցանկանում եմ վստահել իրավապահ համակարգին, որովհետև այստեղ իմ անելիքը չէ՝ որպես պատգամավոր: Կան կոնկրետ գործողություններ, գործողություններն էլ ստացել են պատշաճ հետևանքներ: Նմանատիպ դեպքերում կարող ենք ու լսում ենք տարբեր կարծիքներ, մյուս կողմից էլ ասում են՝ բռնում բաց եք թողնում, մենք չենք խառնվում իրավապահ համակարգի գործունեությանը, ինչպես ճիշտ համարում են, այնպես էլ անում են: 

– Փաստորեն, դուք ամբողջովին վստահո՞ւմ եք իրավապահ համակարգի անաչառությանը:

– Այո՛, պետք է վստահել, բնականաբար մենք պետք է հասնենք նրան, որ իրավապահ համակարգը արդար ու անաչառ աշխատի: Որևէ մեկը չպետք է խառնվի իրավապահ համակարգի աշխատանքին:

– Տիկի՛ն Ղազարյան, եթե օրինաչափ եք համարում, որ կոնկրետ դեպքում առաջադրվել է մեղադրանք, ու 18-ամյա երիտասարդին երկու ամսով կալանավորել են, ապա ինչու՞ մենք նույնը չտեսանք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեպքում, երբ նա հրապարակային թքեց քաղաքացու դեմքին: Ինչո՞ւ մի դեպքում խուլիգանության հոդվածով հարուցվեց քրեական գործ, իսկ մարդու դեմքին թքելը չհամարվեց խուլիգանություն ու չունեցավ իրավական հետևանք:

– Ես հիմա չեմ կարող որևէ եզրակացություն անել, որովհետև իրապես չեմ հիշում, թե դեպքի վերաբերյալ ի՛նչ զարգացումներ են եղել, բայց կրկնում եմ, ցանկացած տեսակի բռնություն ինձ համար նորմալ չէ ու դատապարտելի է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

Leave a Comment