ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվին․ Հուսով ենք՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին

ՀՀ ԱԳՆ-ն՝ Բաքվին․ Հուսով ենք՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին

1 ապրիլի 2026 – 13:54 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ մարտի 31-ի հայտարարության մեջ հնչեցրած կեղծ մեղադրանքներին՝ հույս հայտնելով, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին, հայտնում է Արմենպրեսը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ» և հավելել, թե Բաքուն միջազգային հանրությունից «հայերի կողմից ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչում է ակնկալում»:

«Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով: Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին»,-ասել է Բադալյանը:

Leave a Comment