Թրամփը լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու տարբերակը

Թրամփը լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու տարբերակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լրջորեն դիտարկում է Միացյալ Նահանգների մասնակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) դադարեցնելու հնարավորությունը։ The Telegraph-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահը դաշինքն անվանել է «թղթե վագր» և ընդգծել, որ կազմակերպությունից դուրս գալու հարցն այժմ գտնվում է «վերանայման փուլից այն կողմ»։

Սպիտակ տան ղեկավարի դժգոհության հիմնական պատճառը դաշնակիցների հրաժարումն է՝ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ մղվող պատերազմում և ուժեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար։ Թրամփի խոսքով՝ Ամերիկան միշտ ավտոմատ կերպով աջակցել է իր գործընկերներին, սակայն հիմա փոխադարձ քայլեր չի տեսնում։

«Ես լրջորեն քննարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը։ Ինձ երբեք չի հմայել ՆԱՏՕ-ն։ Ես միշտ գիտեի, որ նրանք «թղթե վագր են», և ի դեպ, Պուտինը նույնպես դա գիտի»,- հայտարարել է Թրամփը։

Նախագահի դիրքորոշմանը համամիտ է նաև պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ով նշել է, որ դաշինքը վերածվել է «միակողմանի փողոցի»։ Ըստ Ռուբիոյի՝ եթե ՆԱՏՕ-ն միայն նրա համար է, որ ԱՄՆ-ն պաշտպանի Եվրոպան, բայց դաշնակիցները մերժեն ամերիկյան կողմին ռազմաբազաների տրամադրման հարցում, ապա դա վատ պայմանավորվածություն է, որը պետք է վերանայվի։

Այս պահին Վաշինգտոնում քննարկվում է ՆԱՏՕ-ի գործունեության նոր՝ «վճարիր, որ խաղաս» մոդելը, որը կարող է զրկել անդամ երկրներին որոշումների կայացման իրավունքից, եթե նրանք չկատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները։

Leave a Comment