01.04.2026 | 13:25
(Գրող Դավիթ Մուրադյանը լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանի մասին)
Լավ հիշում եմ՝ մեր հարևան Հակոբն ինձ հարցնում էր. «Դասատուն սիրո՞ւն է, չէ՞»։ Կատակասեր մարդ էր։ Ասում էի՝ հա, բայց քո ի՞նչ գործն է։ Երրորդ դասարանցի տղա էի։ Հայրս զայրանում էր. «Տղային մի՛ շեղիր»։ Լավ բակ էր, սպիտակ յասաման կար։ Մայրս գեղեցիկ ծաղկեփունջ էր հավաքում, փաթեթավորում, ու տանում էի իմ ուսուցչուհի ընկեր Շահինյանին։ Ուսուցչուհիները հատուկ գեղեցկություն են, ուսուցիչները՝ արժեք։ Ռուսաց լեզվի դասատու կար՝ Կառլեն Բագրատիչը։ Պատերազմի մասնակից էր։ Իջնում էր բակ՝ աշակերտների հետ ֆուտբոլ խաղալու։ Իհարկե, դա գարնանն էր, ամռանն արձակուրդներ էին։ Ինձ տանում էին կամ Սոչի, կամ Կիրովական։ Աքսորից հետո ավագ հորեղբորս ֆոտոտաղավարը Կիրովականում էր. իրավունք չուներ Երևանում ապրելու։ Միակ պրոֆեսիոնալն էր, ֆրանսիացի վարպետի մոտ էր սովորել։ Իսկ հորեղբորս դպրոցի տնօրենը եղել էր Պետրոս Դուրյանի եղբայրը, ուստի ճոխ հայերեն ուներ։ Այդպիսի հայերեն այսօր չունենք։ Չի հնչում ոչ մի հարթակից։ Լեզուն որբ թողեցինք։
Երևան, հուլիս 2025 թվական
Սպիտակ թուղթը վիհ է։ Նայում ես վախեցած, ինքն էլ քեզ է նայում անթարթ ու անտարբեր։ Սիրաշահելու համար ուզում ես հիշեցնել առաջին գրական քայլերդ։ Մայիսն էր, այդ ամիսը հատուկ է։ Գրեցի պատմվածք, տարա «Պիոներ» ամսագրի գլխավոր խմբագիր Սաղաթել Հարությունյանին։ Կարդաց, ասաց՝ հենց այս համարում։
Այդ պատմվածքը ուղիղ տասը տարի հետո տպագրվեց մոսկովյան «Մոլոդայա գվարդիա» ամսագրում։ Աշխատակիցը զանգեց տուն, ասաց. «Ներեցեք, բայց շնիկի անունը Ժոլի է։ Ինչո՞ւ ֆրանսիական։ Հայաստանում ինչպե՞ս են անվանում շներին։ Եթե չեք առարկում, փոխենք»։ Ես ամենևին էլ հայտնի գրող չէի, որպեսզի համաձայնություն խնդրեին, բայց խմբագրական աշխատանքի այս կուլտուրան հուզեց։ Ասացի՝ Չալո։ Այդպես տպվեց։
Մեր նախորդ շան անունը եղել է Ֆիդել, ինչը նշանակում է հավատարիմ։ Ես այդ շանը չեմ տեսել, բայց մայրս պատմում էր, որ երբ երեսունյոթ թվին ձերբակալել են հորեղբորս, Ֆիդելը վազել է սև ավտոյի հետևից։ Օր ու գիշեր նստել է բանտի դռան մոտ։ Մայրս ջուր է տարել ու կեր։ Շունը բանտի դիմաց սատկել է։ Ես չեմ գրել պատմվածք այդ շան մասին։ Մեղավոր եմ։ Այսօր պատմեցի։
Երևան, 2025 թվական, մայիսի 17
Երբ կիրակին, իհարկե, կիրակի է, բայց երևի այդքան էլ կիրակի չէ, որովհետև հայ մարդիկ կան ճիվաղապետության ճիրաններում։ Այս թեման խփում է քունքերի մեջ։ Սա լկտի մարտահրավեր է քաղաքակրթությանը։ Զինվոր գերյալների մասին էլ չասած։
Իսկ եթե մենք քաղաքակրթության զավակ ենք, հարկ է, որ կոչնակ հնչեցնենք համացանցում։ Թեկուզ ամեն առավոտ կամ երեկոյան։ Ֆեյսբուքը արդյոք կսահմանափակի՞ մեզ։ Հազիվ թե։
Այո՛, կիրակի։ Մատիտներ սրելու օր, որովհետև գալու էր 38-ի դատապարտյալ հորեղբայրս, որ ինձ հետ նկարչություն պարապի։ Սպասում էի հաճույքով։ Հետն էլ հետաքրքիր բաներ էր պատմում։ Ոչ երբեք բանտից. Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից, որտեղ աշակերտել էր Պետրոս Դուրյանի եղբորը։
Կիրակի։ Երեկոյան սպասվում էր բալետային ներկայացում։ «Դոն Կիխոտ», օրինակ։ Հիմնականում կոմիկական էին վշտակերպ ասպետի ապրումները և այնքան հարիր։ Բայց երաժշտությունը սիրտ էր զարդարում, գիշերը քնում էիր անխռով, առավոտյան գնում դպրոց։
Էլի կիրակի։ Թութ թափ տալու օր։ Բռնադատյալ հորեղբայրս ներկա էր անպայման։ Մոտիկ չէր ապրում, Մուրացանի փողոցից էր գալիս՝ տրամվայով։ Միշտ ներկա թեման զգո՞ւմ եք… Հանիրավի բանտը, դաժան հարցաքննությունները, ծեծը։ Նույն ֆոնը հարևան երկրում է։ Ճիվաղների ճիրաններ։ Դրանց ձեռքերում գտնվող մարդիկ աչքերիս առաջ են։
Երևան, 2025 թվական, մարտ
Ծննդյան օրն է Զարեհ Մուրադյանի՝ 110-ամյակը։ Մարդ, ով անցած դարի 30-ականներին փայլատակել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում՝ պարընկերներ ունենալով հետագայում լեգենդար դարձած Ռաիսա Ստրյուչկովային և Օլգա Լեպեշինսկայային, ովքեր միշտ հիշում ու խոսում էին նրա մասին մեծ հարգանքով։
Այո՛, նա նվիրեց իր մնացյալ կյանքը Երևանի Օպերային ու Թատերական ինստիտուտին, և սա ուներ իր պատճառները, որոնց մասին չէր պատմում, բայց որոնք հասկանալի դարձան ավելի ուշ։ 38 թվականին «հակասովետական ագիտացիա և պրոպագանդա» մեղադրանքով ձերբակալվում ու դատապարտվում է նրա ավագ եղբայրը՝ հայտնի ֆոտո-Տիրանը։ Իսկ այդպիսի ընտանեկան դոսյե ունեցողը չէր կարող շարունակել առաջատար արտիստի ճանապարհը Բոլշոյում։ Եվ նրան իր մոտ է կանչում Միկոյանը՝ ասելով, որ մեկ տարի հետո ծրագրված է հայկական արվեստի տասնօրյակ Մոսկվայում, և ճիշտ կլինի, որ նա գործուղվի Երևան՝ մեր բալետային նորաստեղծ խումբը նախապատրաստելու։ Պարզ է, որ հասկանում են միմյանց։
Ինքն իր գոյությամբ իմ ով լինելը հեղինակողներից էր։ Գիտելիք, որը գրավում էր։ Հումոր, որի մեջ ենթատեքստեր կային։ Արտիստիզմ, որը մագնիսական էր։ Երբ «Բախչիսարայի շատրվան» ներկայացման մեջ զոհվում էր, ես՝ տասը տարեկան տղա, իմանալով, որ սա ընդամենը թատրոն է, դուրս էի գալիս դահլիճից ու գնում կուլիսներ, որ նրան ողջ տեսնեմ։ Ինձ արտոնում էին, քանի որ ինքն էր գլխավոր բալետմայստերը, մայրս ու քույրս էլ՝ բեմում։
Ի դեպ, բեմը թողնելուց հետո նկարել սկսեց։ Հեռացավ կյանքից, երբ հազիվ 66 էր։ Նրա աշակերտներից ոմանք, փառք Աստծո, դեռ կան։
Երևան, 2023 թվական, նոյեմբերի 20
(շարունակելի)
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ