1 ապրիլի 2026 – 13:26 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանը սկսել է ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։ Այդ մասին ասել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Ծնողները բողոքի ակցիա են իրականացրել մանկապարտեզում՝ պահանջելով տնօրենի հեռացումը։ Նրանց պնդմամբ՝ մոտ մեկ տարի առաջ նշանակված տնօրենի վարքագծի հետևանքով դաստիարակները հերթականությամբ լքել են աշխատանքը, իսկ վերջին զարգացումը դարձել է միանգամից 10 դաստիարակի կողմից աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը։
Անդրադառնալով ծնողների՝ տնօրենի հրաժարականի պահանջին, Խաչատրյանը նշել է, որ այս փուլում չի կարող այդ հարցով հստակ մեկնաբանություն տալ։
«Կարող եմ միայն ասել, որ, եթե որևէ մեկն իր աշխատանքային պարտականություններից ելնելով, թերացել է կամ այնպիսի սխալ է թույլ տվել, որը համատեղելի չէ իր գործունեությանը, մեր կողմից անպայման համապատասխան արձագանք կստանա, լինի դա կարգապահական տույժի, թե այլ տեսքով։ Այս պահին բոլորիս ջանքերն ուղղված են առողջ բարոյահոգեբանական միջավայրում հաստատության բնականոն գործունեության ապահովմանը»,–ասել է Խաչատրյանը։
Հարցին, թե արդյոք 190 ծնողների ստորագրությամբ դիմում-բողոքը արդեն իսկ բավարար ազդակ չէ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու համար, առնվազն մինչև քննության ավարտը, Խաչատրյանը պատասխանել է, որ դա, անշուշտ, հիմք է ուսումնասիրություն իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ անկախ բողոքողների թվից, եթե առկա է հիմնավորված անհանգստություն, այն անպայման հայտնվում է իրենց ուշադրության կենտրոնում։
«Քանի որ հանդիպումներ են նշանակված և՛ ծնողների, և՛ անձնակազմի հետ, վստահ կարող եմ ասել, որ պատշաճ արձագանք տրվելու է ցանկացածի գործունեությանը, եթե չի համապատասխանել այդ պաշտոնին առնչվող աշխատանքային պարտականություններին»,–ասել է Խաչատրյանը։
Նա նշել է, որ այս պահին չի կարող հստակ ասել՝ սա տնօրենի դեմ առաջին բողոքն է, թե նախկինում ևս եղել են նման դեպքեր, որոնց մասին քաղաքապետարանը տեղեկացված չի եղել։
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ թեև մանկապարտեզը ենթակա է քաղաքապետարանին, վերահսկողական հիմնական գործառույթները փոխանցված են վարչական շրջանի ղեկավարին։
«Այդ հարցին ավելի ստույգ կարող եմ ավելի ուշ պատասխանել, գուցե մուտքագրվել են դիմում–բողոքներ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բայց ոչ քաղաքապետարան»,– ասել է նա։
190 ծնող ստորագրել է դիմում-բողոքի տակ և դիմել տարբեր կառույցների, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍՆ-ին՝ նշելով, որ խնդրի չլուծման դեպքում պատրաստ են երեխաներին դուրս բերել մանկապարտեզից։ Նշվել է նաև, որ աշխատասենյակում փակված տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ժամեր անց դուրս է եկել, սակայն հրաժարվել է մեկնաբանություն տալ լրագրողներին՝ նշելով, որ վերջերս վիրահատվել է, ունի առողջական խնդիրներ և վատ է զգում։