Բելգիան բարձր է գնահատում Երևանի ու Բաքվի «շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»

Բելգիայի ԱԳ նախարար Մաքսիմ Պրևոյն X-ում տեղեկացրել է, որ իր և ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Նշվում է, որ քննարկվել է Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման կարևորությունը։

Բելգիայի արտգործնախարարի X-ում արված գրառման մեջ ասված է, որ Բելգիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի շարունակական ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, և, որ հույս են հայտնել խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման հարցում։

Օրերս հաղորդվեց, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Հայկական կողմի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը «գոհունակությամբ նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա կարգավորման գործընթացում առկա դրական զարգացումները»:

Արտգործնախարարները նաև քննարկել են տարածաշրջանային և այլ հարթակներում փոխգործակցությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախորդ ամսվա սկզբին էլ էին զրուցել: Այդ ժամանակ քննարկել էին տարածաշրջանում վերջին զարգացումները։

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը վերջերս հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել էր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:

Leave a Comment