Մահապատիժ կախաղանի միջոցով․ Իսրայելի խորհրդարանն օրենք է ընդունել պաղեստինցիներին խստորեն պատժելու համար

Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել, որով ահաբեկչության համար մահապատիժ է սահմանվում։ Միջազգային իրավապաշտպան Amnesty International ընկերությունը ծավալուն հոդվածով պահանջել է չեղարկել այն: Նոր օրենքով՝ ահաբեկչությանը վերաբերող գործերի քննության ընթացքում դատարանները կարող են ընտրել ցմահ ազատազրկման և մահապատժի միջև։ Այն դեպքերում, երբ ամբաստանյալը Հորդանանի՝ պաղեստինցիներով բնակեցված արևմտյան ափի բնակիչ է, միակ հնարավոր պատժատեսակը մահապատիժն է։ Սա, կազմակերպության դիտարկմամբ, խտրական մոտեցում է և հակասում է միջազգային իրավունքին։ Օրենքի ընդունմանը նախորդիվ դեմ էին արտահայտվել եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարություններ, ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։

Իսրայելի օրենսդիր մարմնի 62 անդամ, այդ թվում՝ մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, կողմ են քվեարկել երկրի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջ գործիչ ԻթամարԲեն-Գվիրի օրենսդրական նախաձեռնությանը, որով ահաբեկչության համար դատարանների կողմից սահմանվող պատիժների մեջ այսուհետև ներառվելու է նաև մահապատիժը։

Քնեսեթում հարցի քննարկումը գրեթե 12 ժամ է տևել։ New York Times-ը գրում է, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա և չի կիրառվի Իսրայելի արդեն բանտարկած պաղեստինցիների նկատմամբ: Լրատվամիջոցը փոխանցում է նաև, որ Իսրայելի բժիշկների ազգային միությունը հրաժարվել է մահացու ներարկումներ կատարելուց, ուստի դատապարտվածները մահապատժի կենթարկվեն միայն կախաղանի միջոցով։ Իսրայելի բանտային ծառայությունը (IPS) պարտավոր կլինի մահապատիժն ի կատար ածելու 90 օրվա ընթացքում: Վարչապետը կարող է հետաձգել պատիժը ոչ ավելի, քան 180 օրով:

Մեջբերում․ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայի անդամները պնդում էին, որ օրենքը կկանխի պաղեստինցիների կողմից իսրայելցի խաղաղ բնակիչների վրա նոր հարձակումները, նաև իսրայելցիներին պատանդ վերցնելու փորձերը՝ բանտարկված պաղեստինցի զինյալների ազատության համար փրկագին ստանալու նպատակով»։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ծավալուն հոդվածով պահանջել է չեղյալ հայտարարել նոր օրենքը՝ համարելով խտրական, դաժան և դեմ մարդու գրեթե բոլոր՝ արդար դատաքննությունից մինչև կյանքի իրավունքներին։ Ըստ կառույցի՝ ահաբեկչությանը վերաբերող գործերի քննության ընթացքում դատարանները կարող են ընտրել ցմահ ազատազրկման և մահապատժի միջև։ Այն դեպքերում, երբ ամբաստանյալը Հորդանանի արևմտյան՝ պաղեստինցիներով բնակեցված ափի բնակիչ է, միակ հնարավոր պատժատեսակը մահապատիժն է։ Միայն հատուկ հանգամանքներում, որոնք օրինագծում նշված չեն, դատարաններին թույլատրվում է նշանակել ցմահ բանտարկություն։

Ընդ որում՝ մահվան դատապարտվածները ներման  իրավունք չունեն, ինչը, կազմակերպության դիտարկմամբ, օրինագիծը դարձնում է աշխարհում ամենածայրահեղ կարգավորումներից մեկը: Կազմակերպության հետազոտությունների, պաշտպանության, քաղաքականության և արշավների ավագ տնօրեն Էրիկա Գևարա-Ռոսասը հայտարարել է, որ Իսրայելն անամոթաբար իրեն քարտ բլանշ է տալիս պաղեստինցիներին  մահապատժի ենթարկելու համար՝ նրանց զրկելով արդար դատաքննության հիմնական երաշխիքներից․

«Այս օրենքն ընդունվել է նույն ամսում, երբ Իսրայելի ռազմական գլխավոր դատախազը հանել է պաղեստինցի կալանավորի նկատմամբ սեռական ոտնձգության համար մեղադրվող իսրայելցի զինվորների դեմ բոլոր մեղադրանքները, ինչը ողջունել են վարչապետը և մի քանի նախարար։ Միջազգային քրեական դատարանի կողմից պատերազմական հանցագործությունների համար հետախուզվող Բենիամին Նեթանյահուն օրենքի պաշտպաններից էր։ Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք եղել պաղեստինցիների ակնհայտ արտադատական ​​մահապատիժների և այլ անօրինական սպանությունների, որոնցում մեղավորները վայելում են գրեթե լիակատար անպատժելիություն։ Նոր օրենքը նման քաղաքականության գագաթնակետն է»։

Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է նաև օրենքում առկա խտրական մոտեցումները։

«Այս օրենքով սահմանված յուրաքանչյուր մահապատիժ կհամարվի կյանքի իրավունքի խախտում և պատերազմական հանցագործություն: Միջազգային հանրությունը պետք է առավելագույն ճնշում գործադրի Իսրայելի իշխանությունների վրա՝ անհապաղ չեղարկելու այս օրենքը, լիովին վերացնելու մահապատիժը և այն բոլոր կարգավորումները, որոնք հանգեցնում են պաղեստինցիների դեմ ապարտեիդի համակարգին»,— ասել է Էրիկա Գևարա-Ռոսասը:

France24-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի արտգործնախարարություններն օրենքի ընդունումից ժամեր առաջ համատեղ հայտարարությամբ «խոր մտահոգություն» են  հայտնել։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ ԵԽ-ն դեմ է մահապատիժներին ամբողջ աշխարհում․

«Եվրոպայի խորհուրդը դեմ է մահապատժին բոլոր վայրերում և բոլոր հանգամանքներում։ Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, այսօր քննարկվող տեքստերը լուրջ նահանջ կլինեն երկարատև փաստացի մորատորիումից»։

«Իսրայելի օկուպացրած տարածքներում մարդու իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը օրենքի ընդունումից առաջ հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ «ռազմական դատարաններն ունեն մոտավորապես 96 % դատապարտման մակարդակ, որը գլխավորապես հիմնված է հարցաքննությունների ընթացքում ճնշման և խոշտանգումների միջոցով կորզված «խոստովանությունների» վրա»։ 

Իսրայելի ստեղծումից ի վեր միայն երկու մարդ է օրենքով մահապատժի ենթարկվել։ Առաջին մահապատիժը տեղի է ունեցել 1948–ին, երբ բանակի սպա Մեյր Տոբիանսկիին մեղադրանք էր առաջադրվել լրտեսության համար և մահապատժի ենթարկվել դավաճանության համար։ Նա հետմահու արդարացվել է։ Երկրորդ մահապատիժը եղել է 1962–ին, երբ Իսրայելը Երուսաղեմում երկարատև դատավարությունից հետո մահապատժի ենթարկեց Գերմանիայի նացիստական ​​կուսակցության առաջին դեմքերից Ադոլֆ Այխմանին։

Leave a Comment