Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի տարեկան զեկույցը, որով կառույցն, ըստ էության, մտահոգություն է հայտնում մամուլի ազատությունը լիարժեք չպաշտպանող օրենսդրական դաշտի, սեփականատերերի միջամտության և վերջիններիս նախասիրություններին հարմար բովանդակության ստեղծման կապակցությամբ։ Հանձնաժողովը շեշտում է օրենսդրական թերի կարգավորումների խնդիրը՝ միաժամանակ արձանագրելով, որ 2025-ին կատարված փոփոխությունները դրականորեն են ազդել ոլորտի վրա։
ՀՌՀ-ի 2025 թվականի տարեկան հաղորդման մեջ շեշտվում է, որ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը լիարժեք չի երաշխավորում մամուլի ազատության լիարժեք պաշտպանությունը և դեռևս հեռու է եվրոպական չափանիշներից։
Կառույցն արձանագրում է, որ իր հերթական տարեկան հաղորդումը խորհրդարանին է ներկայացնում ավանդական հեռարձակողների և առցանց օպերատորների գործունեության համակարգային ճգնաժամի պայմաններում։ Ըստ զեկույցի՝ այդ ճգնաժամի պատճառները բազմաշերտ են․ անհավասար մրցակցային պայմաններ, հանրության նախասիրությունների փոփոխություն, տեղեկատվական տեխնոլորգիաների թռիչքաձև զարգացում, ինչպես նաև գովազդային եկամուտների նվազումը և դրա հետևանքով հեռարձակվող բովանդակության որակի անկումը։
Հանձնաժողովի գնահատմամբ՝ այս իրավիճակը բացասաբար է ազդել հատկապես հանրային թվային մուլտիպլեքսում մեդիածառայություններ մատուցողների վրա՝ բարդացնելով նրանց անելիքը։
«Անհրաժեշտ է արձանագրել, որ հանրային թվային մուլտիպլեքսը մեր միակ ինքնիշխան տեղեկատվական հարթակն է, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար՝ Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ բնակավայր, երաշխավորում է բովանդակության անվճար, անվտանգ և անխափան հասանելություն»։
Ոլորտը կարգավորող սահմանադրական անկախ մարմինն արձանագրել է նաև խմբագրական և կադրային քաղաքականության խնդիրները։ Ըստ զեկույցի՝ լուրջ խնդիր է մնում մեդիաոլորտի սեփականատերերի միջամտությունը հեռարձակվող բովանդակությանը։
«Քիչ չեն դեպքերը, երբ մեդիայի սեփականատերերը ուղղակի կամ անուղղակի թելադրում են խմբագրական քաղաքականությունը՝ ելնելով իրենց քաղաքական կամ գործարար շահերից։ Սա է պատճառներից մեկը, որ մի շարք հեռարձակողներ նվազագոփւյն հանձնառություն են ստանձնում հանրային նշանակություն ունեցող բովանդակության նկատմամբ»։
ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ամիսներ առաջ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովում անդրադարձել էր ատելության խոսքի տարածման մտահոգիչ միտումներին ու կանխարգելման թերի միջոցներին։
«Այն բառակապակցությունը բ-ով և տ-ով, որ սկսում է այսօր լեգիտիմացվել և հնչում է, գրեթե, բոլոր ալիքներում։ Դրա համար մենք երկու անգամ պատժեցինք հեռուստաընկերությանը, որը մեզ դատի տվեց և հաղթեց, որովհետև օրենսդրական կարգավորումներ չկան»։
Օրենսդրական դաշտի բացերի մասին խոսելիս Տիգրան Հակոբյանը նկատում է, որ ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ մեր երկրում խնդիրը ոչ այնքան խոսքի ազատությանն է վերաբերում, որքան այդ ազատության չարաշահմանը։
Իշխող խմբակցության պատգամավորները քննարկում են այդ չարաշահումների դեմ օրենսդրական միջոցներով պայքարելու հնարավորությունը։ Թեման, մասնավորապես, քննարկվել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ «ՔՊ» խմբակցության անդամ Լիլիթ Մինասյանը հիշեցրել էր «Միասնության թևեր» նախաձեռնության հիմնադիր, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը հայկական տարածքում ադրբեջանական նոր դիրքերի կառուցման մասին, որը ՊՆ–ն հերքել էր։
Պատգամավորը կարծում է, որ ապատեղեկատվություն տարածելը պետք է պատասխանատվություն ենթադրի։
«Կարծում եմ, որ մենք պետք է օրենսդրական մեխամիզմով արգելենք լիազորված մարմնից հետո, եթե օրինակ լիազորված մարմինը հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Պատասխանատվության ենթարկենք այն լրատվամիջոցներին, որոնք շարունակում են այդ լուրերը տարածել»։
Վերադառնալով զեկույցին՝ նշենք, որ 2025 թվականին ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանների վարույթներում քննվել է 13 վարչական գործ։ Դրանց մի մասի քննությունը դեռ շարունակվում է։
Համեմատության համար նշենք, որ 2024-ին վարչական դատարանում բողոքարկվել է ՀՌՀ 7, իսկ 2025-ին՝ 5 որոշում։
Հանձնաժողովը 2025 թվականին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրեքով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքում հարուցել է 84 վարչական վարույթ, 74-ը՝ սեփական նախաեռնությամբ, իսկ 10-ը՝ դիմումի հիման վրա։