Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը





Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը։


 


Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման համատեքստում։


 


«Ձեր այցը վկայությունն է մեր բարեկամության և սերտ համագործակցության։ Այդ բարեկամությունն ու համագործակցությունը գնալով ավելի են ամրապնդվում և ընդլայնվում, որովհետև դրանք գաղափարական հիմք ունեն։ Խոսքը վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը։ Հատկապես վերջին տարիներին մենք հաջողություններ ենք արձանագրել հենց այդ արժեքների ամրապնդման ուղղությամբ։ Այս համատեքստում ևս շատ կարևոր է մեր համագործակցությունը և ձեր աջակցությունը»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։


 


Նախագահի խոսքով՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում առանձնահատուկ է երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի դերն ու ակտիվ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այս հերթական այցը նոր հնարավորություններ և գաղափարներ կստեղծի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների զարգացման համար։


 


Պատվիրակության ղեկավար Էլս Վան Հոֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Բելգիայի հանձնառությունը՝ նպաստել Հայաստան-Բելգիա համագործակցության զարգացմանը՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։


 


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին, ինչպես նաև Եվրամիություն-Հայաստան գագաթաժողովի անցկացմանը։ Երկուստեք կարևորվել է նման բարձր մակարդակի միջոցառումների դերը՝ միջազգային համագործակցության խորացման, քաղաքական երկխոսության ակտիվացման և տարածաշրջանային կայունության ամրապնդման տեսանկյունից։


 


Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարական բարեփոխումների և դրանց արժեքների առաջմղման վերաբերյալ՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը։ Շեշտվել է, որ Հայաստանը անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով՝ հետևողականորեն ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները և ապահովելով հիմնարար ազատությունների պաշտպանությունը։


 


 


 


Leave a Comment