Հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիների համար քննություններում որոշակի փոփոխություններ են սպասվում։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրեց, որ աշակերտները «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից հանձնելու են թեստային աշխատանք։
«Այս մասով անցկացման ձևաչափի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել, հիմնականում նույնն է, սակայն փոփոխություն կատարվել է առաջադրանքների բնույթի մեջ։ Ինչպես գիտենք շեշտադրումներ են կատարվում, որ գործնական գիտելիքները, կարողությունները ևս ձևավորված լինեն, դա նշանակում է, որ թեստերում կլինեն նաև գործնական բնույթի առաջադրանքներ»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Օտար լեզու առարկայից աշակերտներն ընտրելու են իրենց նախընտրած լեզուն ու հանձնելու են բանավոր քննություն։ Նորություն է սպասվում բնագիտական առարկաների հետ կապված։ Մասնավորապես քննության 2 տարբերակ է առաջարկվում։ Սովորողները կարող են իրենց ընտրությամբ ընտրել որևէ բնագիտական առարկա, որի շրջանակում կմասնակցեն թեստի ձևաչափով անցկացվող քննությանը։ Թեստային առաջադրանքի շուրջ 30 տոկոսը լինելու է գործնական։ Բնագիտական առարկաների քննության հանձնման մյուս տարբերակը նախագծային աշխատանքներն են։ Նախագծային աշխատանքների մեկնարկը տրված է, ձևավորվել են խմբեր, որոնք համակարգում են գործընթացը։
«Նախագծային աշխատանքները կամփոփվեն մայիսին։ Բոլոր այն սովորողները, որոնք կարող են հրաժարվել ընթացքից և որոշեն, որ թեստի միջոցով են ուզում քննություն հանձնել, միևնույն է այդ հնարավորությունը կունենան։ Դրանից բացի, մեր սովորողները, եթե նախագծային արդյունքներից գոհ չլինեն, ապա ևս կարող են հունիսին թեստային քննություն հանձնել»,-ասաց Արաքսիա Սվաջյանը։
Հաջորդ քննությունը, որն ամբողջությամբ նորություն է, «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներին է վերաբերում։ Այս երկու առարկաների քննությունը կազմակերպվելու է միասնական՝ էսսեի ձևաչափով։ Սովորողները ստանալու են երկու տեքստ՝ մեկը «Գրականություն»-ից, մյուսը՝ «Հայոց պատմություն»-ից։ Այդ տեքստերին ծանոթանալուց հետո սովորողները տրված ժամանակահատվածում պետք է գրեն էսսե։
ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը նշեց, որ այս փոփոխության նպատակը աշակերտների մոտ վերլուծական միտքը զարգացնելն է։ Աշակերտները պետք է փորձեն այդ երկու տեքստերի միջև կապ գտնել, սեփական վերաբերմունքը ներկայացնել, ստեղծագործական մոտեցումը, քննադատական մտածողությունը ցուցադրել։
«Այս երկու առարկաների նոր չափորոշիչներով սահմանված վերջնաարդյունքներն ուղիղ կապված են սովորողների քննադատական, վերլուծական մտածողության, ինքնուրույն պնդումներ կատարելու կարողությունների հետ։ Մենք շատ կարևորում ենք, որ երեխաները կարողանան տարբեր առարկաներն ուսումնասիրելիս, տեսնեն այդ իրադարձությունների կապը։ Այսինքն, կոնկրետ իրադարձությունը չտեսնեն միայն տվյալ առարկայի համատեքստում, այլ բազմակողմանի մոտեցում ցուցաբերվի»,-ասաց Թամարա Սարգսյանը։
Էսսեի շրջանակում չի գնահատվելու հայոց լեզվի իմացությունը։ Եթե նույնիսկ կլինեն քերականական սխալներ, դրանք իրենց ազդեցությունը չեն ունենա գնահատականի վրա։
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն տևական ժամանակ է աշխատանք է տարվում ուսուցիչների հետ, պատրաստվել են աշխատանքային ուղեցույցներ։
«Քանի որ սա նորություն է, բնական է, որ անհանգստություն կլինի։ Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ մեծ ծավալի աշխատանք է տարվել։ Պլանավորել ենք ևս մեկ փուլ, ապրիլին կատարելու ենք մարզային այցեր, որի շրջանակում կրկին կանենք վերապատրաստումներ»,-ասաց Ժաննա Հարությունյանը։
Հիմնադրամի Հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետ Գայանե Մկրտչյանի խոսքով՝ ճիշտ է այս փուլում դեռ հարցադրումներ կան ուսուցիչներից, սակայն հիմա ավելի լավ են պատկերացնում սպասվող աշխատանքը։
«Մենք անընդհատ ուսուցիչների կողքին ենք լինելու, հարցերի դեպքում կարող են դիմել։ Այս ձևաչափով փորձնական քննություն եղել է Տավուշում և ունենք շատ հաջողված աշխատանքներ։ Աշակերտներին հորդորում եմ չվախենալ, մենք փորձնական քննությունների ժամանակ տեսանք, թե ինչ ոգևորություն կար աշակերտների շրջանում։ Այնպես որ հանգիստ եղեք»,-ասաց Գայանե Մկրտչյանը։
Քննությունների օրերը դեռ հաստատված չեն, այդ մասին տեղեկատվությունը կլինի առաջիկայում։