Աշխարհը պարարտանյութի ճգնաժամի շեմին․ պատճառը կրկին Հորմուզի նեղուցն է

Գազի և նավթի գնաճին զուգահեռ՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը նաև գյուղատնտեսության վրա բացասաբար կանդրադառնա։ Որոշ երկրներում այդ ազդեցության առաջին պտուղներն արդեն նկատելի են։ Հայաստանի գյուղատնտեսության վրա, ըստ փորձագիտական գնահատականների, կարճաժամկետ հեռանկարում էական ազդեցություն չի լինի, բայց հետագայում այն ակնհայտ կլինի։

Համաշխարհային շուկաներում պարարտանյութի դեֆիցիտ ու թանկացում է նկատվում։ Պատճառը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն է։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ տարածաշրջանում ընթացող հակամարտությունը տագնապ է առաջացրել պարարտանյութերի համաշխարհային շուկայում։ Դեֆիցիտը նկատելի է հատկապես ազոտի ու ամոնիումի սուլֆատի դեպքում։ Վերջին մեկ ամսում կտրուկ աճեցին այդ պարարտանյութերի գները։

Մերձավոր Արևելքն ապահովում է պարարտանյութերի համաշխարհային պահանջարկի մոտ 40 %-ը։ Իրանի արտադրած նյութերի մի մասը միջազգային շուկա է հասնում Օմանի հետ առևտրային եռանկյունացման միջոցով։ Դա նավագնացության ուղիների մոնիթորինգն ավելի զգայուն է դարձնում։ Ուշադրությունը կենտրոնացած է հատկապես Հորմուզի նեղուցի վրա, որով անցնում է աշխարհի առևտրային նավթի, հեղուկացված գազի և պարարտանյութերի զգալի մասը։ Այստեղ լարվածության յուրաքանչյուր աճ կարող է ճնշում գործադրել ոչ միայն էներգետիկ ծախսերի, այլև ծովային բեռնափոխադրումների և բեռների ապահովագրության վրա, որոնք, վերջին հաշվով, ազդում են փոխադրվող ապրանքի արժեքի վրա։

Ջոն Լինվիլը պարարտանյութեր արտադրող ընկերություններից մեկի փոխնախագահն է։ Նա բացատրում է շուկայում տիրող իրավիճակը։

«Ազոտի և ֆոսֆատի համաշխարհային առաջարկն ու պահանջարկը, որոնց այնքան էլ ուշադրություն չի դարձվում, ավելի կարևոր են դառնում։ Բոլորը խոսում են նավթի, գազի  մասին, որ անցնում է այնտեղով։ Քչերը գիտեն, որ աշխարհում ամենաշատ վաճառվող ազոտային արտադրանքը, իր համաշխարհային ծավալի մոտ մեկ երրորդով, անցնում է Հորմուզի նեղուցով»։

Ազոտի արտադրությունը մեծապես կախված է բնական գազից, որն օգտագործվում է անջուր ամոնիակ արտադրելու համար։ Այդ քիմիական նյութը մշակաբույսերի համար օգտագործվող պարարտանյութերի մեծ մասի հիմքն է։ Գազը նաև զգալի դեր է խաղում սննդային շղթայի տարբեր փուլերում՝ արտադրությունից մինչև սննդի պահպանում։ Մատակարարման ընդհատումները կամ գների բարձրացումը, որպես կանոն, արագ ազդեցություն են ունենում համաշխարհային գյուղատնտեսական շուկայի վրա։

Շուկան արագ է արձագանքում լոգիստիկ սահմանափակումներին, բեռնափոխադրման ծախսերի աճին և ծովային ապահովագրության բարձր վճարներին։ Արդյունաբերության գործակալները շտապում են պարարտանյութեր ներմուծելու, քանի որ Հորմուզի նեղուցում լարվածության աճը կարող է վտանգել առաքումներն առաջիկա շաբաթներին կամ ամիսներին։

«Երբ ուսումնասիրում ես շուկան, հասկանում ես, որ կարբամիդ  արտահանողների լավագույն տասը երկրներից երեքը  Հորմուզի նեղուցին շատ մոտ են։ Այդ երկրներն են Իրանը, Կատարը և Սաուդյան Արաբիան։  Շատերը չգիտեն, որ Սաուդյան Արաբիան աշխարհում ֆոսֆատի արտահանման առաջատար հինգ երկրներից մեկն է, և այս բոլոր ապրանքների արտադրությունը տուժում է»։

Կրկնվող հակամարտությունների և լոգիստիկ անորոշության պայմաններում ներքին ռազմավարական ներդրումների անհրաժեշտությունը գնալով ավելի կարևոր է դառնում գյուղատնտեսության համար: Իրավիճակը մտահոգիչ է հատկապես ֆերմերների համար․

«Եռամսյա շրջափակման միջնաժամկետ սցենարը կազդի աշխարհի բոլոր ֆերմերների վրա, և այդ դեպքում կունենանք իրավիճակներ, որոնք կարող են հիմնականում ազդել հաջորդ սեզոնի վրա»։

Ի՞նչ ազդեցություն կունենա պարարտանյութերի շուկայի անկայունությունը Հայաստանի գյուղատնտեսության վրա։ Տնտեսագետ Աղասի Թավադյանը կարծում է, որ ազդեցությունը նկատելի կլինի միայն երկարաժամկետ հեռանկարում․

«Պարարտանյութերի մոտ 33 %-ը դուրս է գալիս Հորմուզի նեղուցից։ Շատ պետություններ ունեն արդեն այդ խնդիրը։ Մեզ այս պահին դա չի սպառնում, քանի որ մենք հիմնականում ՌԴ–ից ենք ներկրում պարարտանյութը»։

Վերլուծաբաններն ահազանգում են, որ էներգետիկ շուկայի վրա պատերազմի ազդեցությունը ակնհայտ է լինելու։ Տնտեսագետ Մերի Բոյաջյանը կարծում է, որ Մերձավոր Արևելքում  հակամարտությունը և համաշխարհային էներգետիկ ճգնաժամը ազդեցություն կունենան Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների ծավալի վրա․

«Մասնավորապես` հեղուկ գազի, դիզելային վառելիքի, շինանյութերի գների վրա ազդեցություն լինելու է։ Բացասաբար կազդի նաև մի շարք այլ կենցաղային ապրանքների վրա, ընդ որում՝ Իրանից շինանյութի մատակարարման կրճատումը կարող է ազդել Հայաստանում շինանյութի գների վրա»։

Ճգնաժամը կա, փորձ է արվում հաղթահարելու այն, բայց սպասումներն այնքան էլ լավատեսական չեն։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ ճգնաժամը կարող է մրցակցություն առաջացնել նաև կենսավառելիքի ոլորտի կողմից։

Leave a Comment