«Եվրատեսիլ» երգի մրցույթը ընդլայնվում է՝ մեկնարկելով իր առաջին ասիական տարբերակը։ Մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմադրություններով, արտասովոր ելույթներով և բազմազան երաժշտական ոճերով, այս անգամ կներառի նաև Ասիայի երկրների մասնակցությունը։
Տարածաշրջանի շուրջ 10 երկիր արդեն հաստատել է մասնակցությունը, այդ թվում՝ Հարավային Կորեան, Բութանը, Թաիլանդը և Ֆիլիպինները։ Մասնակից երկրների ցանկը դեռ կարող է ընդլայնվել։
Մրցույթի կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր նախ կանցկացնի ազգային ընտրություն՝ որոշելու իր ներկայացուցչին։ Մեծ եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 14-ին Բանգկոկում, և այն կհեռարձակվի ուղիղ եթերով։
1956 թվականին հիմնադրված «Եվրատեսիլը» համարվում է աշխարհի ամենաերկարատև միջազգային երաժշտական մրցույթը։ Այս տարի մրցույթը նշում է իր 70-ամյակը։ Եվրոպական հեռարձակողների միության (EBU) «Եվրատեսիլ» մրցույթի տնօրեն Մարտին Գրինը նշել է, որ ասիական տարբերակի մեկնարկը կարևոր քայլ է՝ ընդգծելով տարածաշրջանի մշակութային և ստեղծագործական ներուժը։
Մրցույթի ձևաչափը կմնա նույնը․ երգերը պետք է լինեն օրիգինալ, իսկ կատարումները՝ կենդանի։ Հաղթողը կընտրվի ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության համադրությամբ։
«Եվրատեսիլը» տարիների ընթացքում մեծ ազդեցություն է ունեցել երաժշտական ոլորտի վրա՝ օգնելով միջազգային ճանաչում ձեռք բերել այնպիսի կատարողների, ինչպիսիք են շվեդական ABBA խումբը և կանադացի երգչուհի Սելին Դիոնը։
Միաժամանակ, մրցույթը հաճախ հայտնվում է նաև քաղաքական քննարկումների կենտրոնում։ Այս տարի մի շարք երկրներ բոյկոտում են մայիսին Վիեննայում կայանալիք մրցույթը՝ Իսրայելի մասնակցության պատճառով, իսկ Ռուսաստանը 2022 թվականից ի վեր չի մասնակցում մրցույթին՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
Նշվում է, որ ասիական տարբերակի կազմակերպումը իրականացնում է Եվրոպական հեռարձակողների միությունը՝ ամերիկյան Voxovation ընկերության և թաիլանդական S2O Productions-ի հետ համատեղ։