Ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու համար աշխատավարձի տեսքով ընտրակաշառք է տրվել

Ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու համար աշխատավարձի տեսքով ընտրակաշառք է տրվել

30 մարտի 2026 – 18:23 AMT

PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների արդյունքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակում խուզարկություններից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «տրամադրվող ընտրակաշառքը որպես աշխատավարձ ներկայացնելու» և «բարեգործության վերաբերյալ սահմանված սահմանափակումները խախտելու» համար:

Ձերբակալվել է 5 անձ։

«Ստացվել են փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում նպատակադրվել են ընտրակաշառք տրամադրել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելու նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկությունը իրենց կողմից աջակցվող կուսակցության օգտին։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Նշված անձինք իրենց մտադրությունը կյանքի կոչելու նպատակով նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակ, ապա Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025-2026 թվականների ընթացքում ձևական ընդգրկել են այդ կազմակերպությունում՝ հանձնարարելով ներգրավել ընտրողներ, որոնք կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Պարզվել է նաև, որ նախապես խոստացված և փուլային տրամադրվող ընտրակաշառքը ներկայացվել է որպես աշխատավարձ՝ փորձելով քողարկել դրա իրական նպատակը և նվազեցնել բացահայտման հավանականությունը։

Արձանագրվել է, որ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու հիմնական պայմաններից են եղել անձի մեծ ընտանիք ունենալը, լայն ծանոթների շրջանակը և ընտրող լինելու հանգամանքը։ Բացի այդ, մի խումբ անձինք, գործելով նախնական համաձայնությամբ, ՀՀ նախագահի կողմից Ազգային ժողովի հերթական ընտրությունների նշանակման մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտնելուց հետո, խախտել են բարեգործության իրականացման օրենսդրական արգելքը՝ համապետական ընտրություններին մասնակցող քաղաքացիներին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից բժշկական ծառայությունների ծախսերը հոգալու նպատակով 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին անհատույց տրամադրելով տարբեր չափերի դրամական միջոցներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, իրականացվել են մեկ տասնյակ խուզարկություններ, և ձերբակալվել է հինգ անձ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորել է զերծ մնալ ընտրակաշառքի տրամադրումից՝ անկախ դրա ձևից, ինչպես նաև չխախտել ընտրական շրջանում բարեգործության վերաբերյալ սահմանված սահմանափակումները։ Քաղաքացիներին կոչ է արվել չներգրավվել ընտրական իրավախախտումների կամ կասկածելի գործողությունների մեջ, այդ թվում՝ չընդունել վարձատրություն առանց իրական աշխատանքի։

Կոմիտեն նաև նշել է, որ նման հանցավոր մեխանիզմների առկայությունը հաշվի առնելով՝ շարունակելու է մշտադիտարկում իրականացնել՝ բացահայտելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ փոխկապակցված կազմակերպություններում ներգրավված այն անձանց, ովքեր կարող են առնչություն ունենալ ընտրական խախտումների հետ։

ՀԿԿ-ն նաև ձայնագրություն է ներկայացրել:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment