Կառավարության որոշմամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն անվանակոչվել է Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի անունով, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Դիրիժորի անվանատախտակի բացման արարողությանը, որը տեղի է ունեցել մարտի 30-ին Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի շենքում, ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին և երգչախմբին՝ ընդգծելով, որ Չեքիջյանի ստեղծած արժեքը վերջին հարյուրամյակի ամենահիշարժան և նշանավոր ձեռքբերումներից է։
Երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին, Չեքիջյանն այն ղեկավարում է 1961-ից։ 1969թ.-ից երգչախումբն ստացել է «ակադեմիական» կոչում, 1975-ից ճանաչվել հանրապետության վաստակավոր կոլեկտիվ, իսկ 2012-ի նոյեմբերի 15-ին կառավարության որոշմամբ ստացել «ազգային» կարգավիճակ։ Նշվում է նաև, որ Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 համերգային հարթակներում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։
