
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան․
«Ադրբեջանական ռեսուրսները «որսացել» են նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու թեման և «զարգացրել», ասելով, թե այսօր հարձակում է Փաշինյանի վրա, վաղը կարող է լինել մահափորձ:
Ես բոլորովին չեմ զարմանա, եթե պարզվի, որ այդօրինակ «զարգացման» գաղափարը Բաքու հասնի հենց Երևանից: Չէ՞ որ հիմա օրինակ ձևավորված են նաև ոչ կառավարական շփման հաղորդուղիներ, որոնց միջոցով արդեն իսկ տեղի ունենում են «գաղափարների փոխանակումներ»:
Օրինակ, նախ այսպես ասած ոչ կառավարական մակարդակով տեղի ունեցավ դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ տրամադրելու «գաղափարրի» խաղարկումը, հետո այն հնչեց արդեն Եվրախորհրդարանի ամբիոնից: Ընդ որում, ես Օրվա թեմայի նախորդ շաբաթավերջի՝ ուրբաթօրյա թողարկմանը վերստին ուշադրություն հրավիրեցի այն հանգամանքին, որ Ադրբեջանը առ այսօր ոչ մերժել է, ոչ ընդունել այդ առաջարկը: Իսկ դա մեծ հավանականությամբ նշանակում է, որ քննարկվում են «պարամետրերը»:
Այնպես որ բոլորովին զարմանալի չէ, որ Ադրբեջանի պրոպագանդայի մակարդակում զարգացնում են Սուրբ Աննա եկեղեցում ընդամենը Նիկոլ Փաշինյանի դե ֆակտո հրահրմամբ տեղի ունեցած միջադեպը, հասցնելով դրա ընկալումը մինչև անգամ մահափորձի մակարդակի: Որովհետև, ի վերջո ո՞ւմ է պետք է այդ «գաղափարը», եթե ոչ հենց Նիկոլ Փաշինյանին:
Առավել ևս, որ կարծես թե կա նման մի հաջող փորձարկման օրինակ՝ Դոնալդ Թրամպն ու նրա ականջը, որը քերծեց գնդակն ու փաստորեն անշրջելի դարձրեց հաղթանակը նախագահի ընտրությանը: Իրակա՞ն էր դա, թե՞ բեմականացված և չափազանց դիպուկ կրակոց: Այստեղ բնականաբար ամեն ինչ սուբյեկտիվ եզրակացության դաշտում է, բայց համենայն դեպս կա նախադեպ, թե ինչպես է բավականին հաջող «անհաջող» մահափորձը օգնում հաջողությամբ ավարտել ընտրարշավը»: