«Խազեր». Լավագույն երգիչն ու երգչուհին են Արամ MP3-ն ու Իվետա Մուկուչյանը

«Խազեր». Լավագույն երգիչն  ու երգչուհին են Արամ MP3-ն ու Իվետա Մուկուչյանը

30 մարտի 2026 – 11:58 AMT

PanARMENIAN.Net – Մարտի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում կայացած «Խազեր» հայկական երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությանը Հայկական ազգային երաժշտական ակադեմիան մրցանակներ է հանձնել 18 անվանակարգում ներկայացված արտիստների և նախագծերի։

«Լավագույն փոփ երգչուհի» է ճանաչվել Իվետա Մուկուչյանը։ «Լավագույն փոփ երգիչ» անվանակարգում հաղթել է Արամ MP3-ն, հայտնում է Արմենպրեսը:

«Լավագույն երգ» է ճանաչվել Սոնա Ռուբենյանի «Ճանապարհեցիր ինձ տուն» ստեղծագործությունը։

Մրցանակաբաշխությանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը «Խազերի» հատուկ մրցանակը հանձնել է Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ազգային հերոս, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին։

Դանիելյանն ընդգծել է, որ մեր երկրում բազմաթիվ երախտավորներ են եղել, որոնք կերտել են հայկական մշակույթը և շարունակում են լինել մեր կողքին, արժանանալով խորին երախտագիտության, իսկ Հովհաննես Չեքիջյանը դարի մարդ է։

«Խոսքերով հնարավոր չէ նկարագրել այն ամենը, ինչ նա արել է իր ամբողջ կյանքում: Նրա կյանքը նվիրված է եղել հնչյունին ու երգին: Նա ստեղծել է մշակույթ, ձևավորել է մտածողություն և սերունդներին տվել է ստեղծագործելու մի նոր չափանիշ: Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը վաղուց դարձել է արժեքային մի ամբողջ համակարգ: Հավանաբար նրա փոքրիկ գաղտնիքն է, որ մարդկանց կարողանում է համախմբել մեկ շնչի մեջ, կարողանում է ստեղծել ներդաշնակություն և գերել սրտերը, հուզել, ապրեցնել»,- ասել է փոխնախարարը։

Դանիելյանի խոսքով՝ Չեքիջյանի անունը վաղուց անցել է ժամանակների սահմանները, իսկ նրա ստեղծածը շարունակում է ապրել և հնչել։

«Լավագույն դասական երգիչ» անվանակարգում մրցանակը տրվել է Արսեն Սողոմոնյանին։ «Լավագույն դասական երգչուհի» ճանաչվել է Ջուլիանա Գրիգորյանը, որը օրեր առաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Պայացներ» օպերայի առաջնախաղում ներկայացել է Նեդդայի կերպարում։

«Լավագույն դասական նախագիծ» ճանաչվել է «Սիմֆոնիկ Հայկո. բաց երկնքի տակ» նախագիծը։ «Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն» է համարվել «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան։

«Լավագույն ալբոմ» է ճանաչվել Բրյունետի Love Reversed-ը։

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակը տրվել է Սոնա Ռուբենյանի «Վարդավառը գալիս է» տեսահոլովակին, որի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։

«Տարվա հայտնություն» է դարձել Սիմոնը, որը այս տարի Հայաստանը ներկայացնելու է «Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Նա շնորհակալություն է հայտնել իրեն հավատացած մարդկանց և իր զույգ տղաներին՝ ընդգծելով, որ նրանց հայացքները իրեն մղում են նոր բարձունքների հասնելու և հաղթանակները նրանց նվիրելու։ Սիմոնը նաև նշել է, որ «Խազերն» իր առաջին մրցանակն է։

«Լավագույն հեղինակ-կատարող» անվանակարգում հաղթել է Սոնա Ումրոյանը։ «Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ» անվանակարգում մրցանակը տրվել է Միշոյին։

«Լավագույն ջազ արտիստ կամ խումբ» անվանակարգում հաղթել է Խաչիկ Սահակյանը։ «Լավագույն ռոք արտիստ կամ խումբ» է ճանաչվել «Նեմրան», որը նույն մրցանակին արժանացել է նաև նախորդ տարի։ Խմբի անդամներից Վանը նշել է, որ մրցանակը իրականում իրենց երկրպագուներինն է՝ նեմրացիներինը։

«Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ» է ճանաչվել Կարեն և Սևակ բենդը։ «Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ» անվանակարգում մրցանակը տրվել է Տաթև Ասատրյանին։

«Լավագույն գործիքավորում (ոչ դասական)» անվանակարգում մրցանակը տրվել է Karen SevakProduction-ին՝ Սիրուշոյի «Սիրտ» երգի գործիքավորման համար։ «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում հաղթել է Մարտին Ուլիխանյանը։

Հաղթողներին հանձնվել է «Խազ» յուրահատուկ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ և նկարիչ Արման Նուռն է։ Մրցանակաբաշխության ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։

«Խազերն» անցկացվել է միջազգային մրցանակաբաշխությունների ձևաչափով։ Միջոցառումը մեկնարկել է կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ, որին մասնակցել են երաժշտական ոլորտի առաջատար ներկայացուցիչները։ Մրցանակաբաշխությունն իրականացվել է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Leave a Comment