Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Մեր ընտրանին սեփական հարկի տակ մրցեց Բելառուսի ազգային հավաքականի հետ, փոխանցում է armsport. am-ը:
Խաղն անհաջող սկիզբ ունեցավ մերոնց համար։ Արդեն 7-րդ րոպեին հյուրերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Բելառուսի հավաքականի ավագ Յաբլոնսկին գրավեց Հայաստանի դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը (0:1):
Երկրորդ խաղակեսում մարզչական շտաբը դիմեց փոփոխությունների։ 63-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կազմում փոխարինման դուրս եկավ Ֆինն Գերագուսյանը՝ փորձելով ակտիվացնել խաղը առջևի գծում։ Սակայն, չնայած գործադրված ջանքերին, հաջողությունը կրկին հյուրերի կողմն էր։
72-րդ րոպեին Գերման Բարկովսկին կրկնապատկեց Բելառուսի հավաքականի առավելությունը՝ էլ ավելի բարդացնելով հայկական թիմի խնդիրը (0:2):
Հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ 88-րդ րոպեին դաշտի տերերը 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Վահան Բիչախչյանը: Այդուհանդերձ, խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով: