Ուկրաինան ԱՄՆ երաշխիքները կստանա միայն պատերազմի ավարտից հետո, ինչն այժմ կապված է Դոնբասի տարածքից ուկրաինական ուժերի դուրսբերման հետ, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մամուլի հետ օնլայն-շփման ժամանակ, փոխանցել է «РБК-Украина»-ն։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, որը «սուտ» էր անվանել տեղեկություններն այն մասին, որ Վաշինգտոնը Կիեւից պահանջում է դուրս գալ Դոնբասից, Ուկրաինայի նախագահը նշել է, որ բացահայտել է բանակցությունների կուլիսային մանրամասների միայն մի փոքր մասը։
«Գիտեք, ինչպես ասում են, սառցաբեկորի ամենամեծ մասը չի երեւում։ Բայց հավատացեք, ես ցույց եմ տվել փոքր մասը։ Ես լիովին անկեղծ եմ խոսում։ Դա կարող է ձեւակերպվել տարբեր ձեւերով»,- ընդգծել է նա։
Զելենսկին նշել է, որ Կիեւը Վաշինգտոնին առաջարկել է փոխզիջումային տարբերակ՝ ստորագրել անվտանգության երաշխիքներ մինչեւ պատերազմի ավարտը։
Տրամաբանությունն այն էր, որ փաստաթղթերը նախապես պատրաստվեն, եւ ԱՄՆ Կոնգրեսը կարողանա վերջնականապես քննարկել եւ քվեարկել դրանց վերաբերյալ, երբ հակամարտությունն ավարտվի։
Սակայն ամերիկյան կողմը մերժեց այս առաջարկը՝ պնդելով, որ թե՛ ստորագրումը, թե՛ երաշխիքների տրամադրումը հնարավոր են միայն լիակատար հրադադարից հետո։
«Ես ասացի, որ դրանք չեն գործի, այստեղ վախենալու բան չկա… Բայց այնուամենայնիվ, մեզ ասացին, որ հարցը ոչ թե այն է, թե երբ է սա ուժի մեջ մտնում, այլ այն, թե երբ են մեզ տրվելու այդ երաշխիքները»,- բացատրել է նախագահը։
Այսօրվա դրությամբ պատերազմն ավարտելու հիմնական պայմանը ամերիկյան երաշխիքներ ստանալու համար մնում է ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնբասից։ Սա պայմանավորված է Ռուսաստանի վերջնագրային դիրքորոշմամբ, որը պահանջում է վերահսկողություն Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի նկատմամբ։
«Երաշխիքները մեզ տրվում են հենց Դոնբասից դուրս գալուց հետո։ Եվ սա պատերազմն այսօր ավարտելու պայմանն է»,- եզրափակել է Զելենսկին։