Արմավիրի մարզի գյուղաբնակ երեխաների հոգսերով արդեն 22 տարի զբաղվում է նաև «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը: Միայն այս մարզում հիմնադրամն ունի երեխայի ու ընտանիքի ծառայությունների երեք կենտրոն՝ Քարակերտ, Մյասնիկյան ու Հացիկ գյուղերում: Այդ կենտրոնները զբաղվում են ոչ միայն երեխայի զարգացման, այլև ծնողավարության հարցերով: Հացիկի կենտրոնը հիմնվել է 2021թ-ին:
Հացիկ գյուղի «Երեխայի ու ընտանիքի ծառայությունների կենտրոնում» 3-6 տարեկան երեխաները կրթական տարբեր ծրագրերի միջոցով որոշակի հմտություններ են զարգացնում: Երեխաներից բացի, անհրաժեշտության դեպքում ծրագրերին մասնակցում են նաև նրանց ծնողները: Ծառայություններն անվճար են՝ ասում է Հացիկի կենտրոնի համակարգող Հայկուհի Փիլոյանը:

«Չորս ուղղություններով է ծառայություն մատուցվում՝ լոգոպետական, հոգեբանական, սոցիալական աշխատանքի և մանկան զարգացման անկյան: Սպասարկում է 5 բնակավայր՝ Մյասնիկյան, Հացիկ, Խանջյան, Լուկաշին և Նորավան գյուղերը: Մանկան զարգացման անկյուն հաճախում է մոտավորապես 120 երեխա՝ 3-6 տարեկան, լոգոպետական ծառայությունը սպասարկում է 70 շահառուի, հոգեբանի ծառայությունից օգտվում է՝ 50-ը»:
Իսկ սոցիալական աշխատանքի առաջնային շահառուները 300-ն են, քանի որ ծառայությունը նաև ընտանիքների համար է: Աղավնի Հովհաննիսյանը 4 երեխայի մայր է։ Երեխաներից երեքը կրտսեր դպրոցի սաներ են: Երեքն էլ մանկապարտեզին զուգահեռ հաճախել են երեխայի ու ընտանիքի ծառայությունների կենտրոն:

«Իրենք զարգացնում են երեխայի մանր մոտորիկան, անհատական աշխատանքներ են տանում մինչև դպրոց հաճախելը: Երեխան դպրոց գնալուց առաջ ամբողջությամբ պատրաստ է լինում: Լինում են դեպքեր, որ երեխայի տարիքը համապատասխանում է դպրոցին, բայց մտավոր կարողությունները չեն բավարարում ՝ իրենք անհատական աշխատանքներ են տանում»:
Աղավնին ապրում է Մյասնիկյանում։ Ասում է՝ սկզբում կենտրոնը ժամանակավորապես գործել է իրենց գյուղում, իսկ հետո տեղափոխվել է Հացիկ: Ծնողներն իրենց միջոցներով են երեխաներին տանում կենտրոն:

Այստեղ զարգացնում են երեխաների երևակայությունը, նպաստում շարժողական ակտիվությանը: Հոգեբանի ծառայությանը դիմում են հուզական խնդիրներ ունեցող երեխաների ծնողները, որպեսզի երեխաները կարողանան հաղթահարել իրենց վախերն ու տագնապները:
«Օգտվել ենք հոգեբանի անհատական ծառայությունից, պատճառը՝ երեխայիս վախերն էին: Իրենք նկարչության միջոցով հանեցին վախերը: Խնդիրն ամբողջությամբ լուծվեց մի ամսվա ընթացքում: Երեխաս վախենում էր սառնարանի, լվացքի մեքենայի աղմուկից, տան մեջ մենակ սենյակ չէր մտնում»:

Երեխայի և ընտանիքի ծառայությունների կենտրոնում ամեն ինչ հարմարեցված է երեխաներին, հմտություններն ու կարողությունները զարգացնում են տարբեր խաղերի միջոցով: 8-ամյա Անգելինան նկարագրում է կենտրոնի առօրյան:
«Ներսում առանձին խաղասենյակներ կան, այնտեղ լիքը խաղեր էինք խաղում, մեր մայրիկների համար մարտի 8-ի առթիվ սիրուն բաներ էինք սարքել, տարբեր նկարներ: Իրենք նկարներ էին դնում, մենք պետք է այդ նկարները ճիշտ դասավորեինք: Դռան վրա փակցնում էին ինչ-որ բաներ, օրինակ, որ իրենց գրկեինք, փաթաթվեիքն ու մենք պետք է դա անեինք, այսինքն՝ բարևելու տարբերակները»:

Իրենց ծառայություններից օգտվում են ոչ միայն երեխաները, այլև ծնողները՝ ասում է կենտրոնի համակարգող Հայկուհի Փիլոյանը: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Մյասնիկյան գյուղի մոտակայքում այժմ նաև Սմարթ կենտրոն է կառուցում: