Պաշտպանության նախկին նախարար Խոռխոռունու սպանության մեջ մեղադրվող անձի տնային կալանքը վերացվել է

Ինչպես արդեն հայտնել ենք ՝ Պաշտպանության նախկին նախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործը վերաբացվել է 27 տարի անց՝ Խորխոռունու որդու բողոքի հիման վրա։ Սպանության մեջ մեղադրվում է Ս․ Ա․-ն։

Մեղադրյալի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց  նախ ընտրել էր կալանավորումը, ապա, որոշ ժամանակ անց փոխել այն տնային կալանքով՝ երեք ամսի ժամկետով։ Փետրվարի 10-ին կայացած հերթական իստում դատարանը, նախագահությամբ Ա․ Կարապետյանի, որոշել է փոխել խափանման միջոց տնային կալանքը և կիրառել վարչական վերահսկողություն։

Մեղադրյալին պարտավորեցնել շաբաթը երեք անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանումում՝ ըստ բնակության վայրի և արգելել․

  • առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել բնակության վայրը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա փողոցի 3/3 շենքի 88-րդ բնակարանը,
  • յուրաքանչյուր օր՝ երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան ժամը 08:00-ն, բացակայել բնակության վայրից՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա փողոցի 3/3 շենքի 88-րդ բնակարանից,
  • հեռախոսազանգ, տեսակցություն կամ նամակագրություն ունենալ գործով անցնող անձանց՝ տուժողների, վկաների, ինչպես նաև թիվ 15208498 քրեական վարույթով մեղադրյալ Հրայր Համլետի Նարիմանյանի հետ,

Մեղադրյաը նույն օրը ազատ է արձակվել արգելանքից՝ դատական նիստերի դահլիճից։
Խափանման միջոց վարչական հսկողության կիրառման պայմանների նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
Կիրառված խափանման միջոցներ բացակայելու արգելքը և գրավը՝ 15․000․000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով, թողնվել է անփոփոխ։

Գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 3-ին, ժամը 10։00-ին։

Մեղադրական եզրակացությունը

Ս․ Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Հ․ Ն-ի և Ա․ Ա․-ի հետ՝ խմբի խազմում 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, շահադիտական դրդումներով, քրեական վարույթի նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կազմակերպմամբ իրականացրել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն: Բացի այդ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանության հանգամանքները թաքցնելու նպատակով Հ․ Ն-ի կատարմամբ, կազմակերպել է Ա․ Ա․-ի սպանությունը:
Այսպես.
Ս․ Ա․-ն, հանդիսանալով ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող, քրեական վարույթի նախաքննությամբ դեռևս չպարզված անձի կազմակերպմամբ համակարգել է և խմբի կազմում կատարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահրամ Վահրեսի Խորխոռունու սպանությունը:
1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ Ս․ Ա․-ն պայմանավորվածություններ է ձեռք բերել ԼՂՀ բնակիչներ, իր ծանոթներ Հ․ Ն-ի և Արմեն Առաքելյանի հետ, որոնցից Հ․ Ն-ին սպանություն կատարելու համար առաջարկել է 10.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ վերջինիս միջոցով Արմեն Առաքելյանին՝ 15.000 ԱՄՆ դոլար գումար:
Սպանությունն իրագործելու համար իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Հ․ Ն-ի եղբորիցԱ․ Ն․-ից , Ս․ Ա․-ն Ստեփանակերտ քաղաքում ձեռք է բերել <<Մակարով>> տեսակի ատրճանակի ինքնաշեն փող և խլացուցիչ, որոնք տեղադրել է ապօրինի պահվող, հանցագործության գործիք հանդիսացող <<Մակարով>> տեսակի 9մմ. տրամաչափի ատրճանակի վրա, որից հետո այն քաղաքից դուրս գտնվող վայրում կրակելով փորձարկել է՝ պարզելու համար կրակոցի ձայնի խլացման աստիճանը և պարզելով, որ խլացուցիչը բավարար չափով չի նվազեցնում ձայնը՝ սկսել է փամփուշտների վառոդային լիցքը նվազեցնելու եղանակով՝ Ա․ Ն․-ի օգնությամբ գնդակները պարկուճներից առանձնացնել՝ քանդել փամփուշտները, որից հետո ինքնաշեն եղանակով կրկին հավաքել դրանք, ինչի արդյունքում պարկուճների և գնդակների վրա մնացել են տեխնիկական ներգործության հետքեր:
Այնուհետև, իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար Հ․ Ն-ը և Ա․ Ա․-ն 1998 թվականի դեկտեմբերի 7-ին, իսկ ՍՍ․ Ա․-ն՝ դեկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքից եկել են Երևան՝ իրենց հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող նշված հրազենը: Հանցավոր խմբի գործողությունները համակարգել և ամբողջությամբ պլանավորել է Ս․ Ա․-ն, ով դեկտեմբերի 8-ին իր հանցակիցներին տարել և մատնացույց է արել այն շենքը, որտեղ բնակվել է Վահրամ Խորխոռունին:
1998 թվականի դեկտեմբերի 9-ի երեկոյան հանցավոր խմբի անդամները, գործելով նախնական համաձայնությամբ, հանդիպել են Հանրապետության Հրապարակում և Հ․ Ն-ի վարած <<ԲՄՎ>> մակնիշի ավտոմեքենայով ժամը 23:30-ի սահմաններում ուղևորվել Վահրամ Խորխոռունու բնակության վայր՝ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 39 շենքի մոտ, որտեղ դարանակալել են՝ սպասելով վերջինիս տուն գալուն: Ըստ նախնական դերաբախշման՝ Հ․ Ն-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս․ Ա․-ն և Արմեն Առաքելյանը գտնվել են շենքի մուտքի մոտ: 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Սա․ Ա․-ն ու Ա․ Ա․-ն, հանդես գալով որպես համակատարողներ, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Վահրամ Խորխոռունուն սպանելու դիտավորությամբ իրենց մոտ ապօրինի պահվող, 9մմ. տրամաչափի ատրճանակային փամփուշտներ կրակելու համար վերափոխված՝ ինքնաշեն փող և խլացուցիչ ունեցող վերը նշված հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից 3-ը դեմքի, իսկ 2-ը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի արդյունքում վերջինս ստացած՝ կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքների արդյունքում տեղում մահացել է, իսկ հանցավոր խմբի անդամներ Ս․ Ա․-ն, Ա․ Ա․-ն ու ՀՀ․ Ն-ն նույն ավտոմեքենայով անմիջապես հեռացել են դեպքի վայրից:
1998 թվականի դեկտեմբերի 10-ի գիշերը՝ Վահրամ Խորխոռունու սպանությունն ավարտելուց հետո, Հ․ Ն-ն՝ Ս․ Ա․-ի կազմակերպմամբ, ժամը 01-ից 03-ի սահմաններում Ա․ Ա․-ին խաբեությամբ տարել է Երևան-Վաղարշապատ մայրուղու Փարաքար գյուղից Մուսալեռ տանող հատվածի մոտ եղած խաղողի այգիներ, որտեղ ավտոմեքենայի անվադողը փոխելու պատրվակով բացել է ավտոմեքենայի բեռնախցիկը և այնտեղից հանելով իր մոտ ապօրինի պահվող <> մակնիշի, 4629489 համարի ինքնաձիգը կրակահերթով սպանել է օգնելու նպատակով ավտոմեքենայից դուրս եկած Ա․Ա․-ին: Այնուհետև ևս մեկ ստուգողական կրակոց արձակելով Ա․Ա․ին գլխի շրջանում և համոզվելով, որ նա մահացած է, վերջինիս դիակը չհայտնաբերելու նպատակով, իր կողմից վարած <> մակնիշի HKP 006 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխել է Վաղարշապատ-Բաղրամյան մայրուղու 1-ին կիլոմետրի հատված, գցել է ճանապարհի եզրին որտեղ ստուգելով Ա․ Ա․-ի գրպանները վերցրել է Վահրամ Խորխոռունու սպանության գործիք հանդիսացող ատրճանակը և խլացուցիչը ու հեռացել դեպքի վայրից: Վերադառնալով Երևան քաղաք հանդիպել է Ս․ Ա․-ին  ում փոխանցել է Ա․ Ա․-ի մոտից վերցրած և Վահրամ Խորխոռունու սպանության գործիք հանդիսացող ատրճանակը և խլացուցիչը:(…)>>:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment