
ՆԳՆ Համայնքային ոստիկանության և ԱԱԾ ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում՝ մարտի 27-ին 3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ, հայտնում է ՆԳ նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Կատարվում է նախաքննություն»,-նշել է նա։
Մարտի 25-ին՝ ժամը 19։12-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 21։11-ին, մարվել՝ 23։44-ին։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից շենքեր։
Հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։