ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում կայացած G7-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է տևել ևս երկու-չորս շաբաթ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նաև ասել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի համար նախատեսված զենքը Մերձավոր Արևելք վերահասցեագրելու հարցը։
Ըստ Ռուբիոյի՝ ԱՄՆ-ի հիմնական թիրախներն են իրանական հրթիռային կայանքները, պահեստները և արտադրական օբյեկտները: Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի նպատակը ռեժիմի փոփոխությունը չէ, սակայն նախընտրելի կլիներ տեսնել այլ ղեկավարություն:
Միևնույն ժամանակ, Եմենի «Անսար Ալլահ» շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին զգուշացրել է, որ իրենց «մատները ձգանի վրա են» և նրանք պատրաստ են ուղղակի ռազմական միջամտության, եթե այլ երկրներ միանան ԱՄՆ-ին ու Իսրայելին կամ եթե Կարմիր ծովն օգտագործվի Իրանի դեմ հարձակումների համար:
Եմենի հուսիթները նախկինում Կարմիր ծովում հարձակվել են նավերի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելի իրականացրած ռազմական արշավի։
Աշխարհի առաջատար տնտեսությունների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Իրանին բացել Հորմուզի նեղուցը։ Նրանք խոստացել են համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ լուծում գտնելու համար։
Մարկո Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մասնակցել նեղուցի ապաշրջափակմանը, բայց պարտադիր չէ, որ ղեկավարի գործընթացը։
Նրա խոսքով՝ այս հարցում անմիջականորեն շահագրգռված երկրները՝ առաջին հերթին G7-ը և ասիական երկրները, պետք է իրենց ներդրումն ունենան։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը G7-ի հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը «չի կարող պատանդ պահել համաշխարհային տնտեսությունը՝ փակելով Հորմուզի նեղուցը»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան և Միացյալ Նահանգները որևէ տարաձայնություն չունեն Իրանի հարցում։ Նա հավելել է, որ Բեռլինը վստահ է, որ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք և սպառնալիք ներկայացնի տարածաշրջանի համար։