Գրականության և արվեստի թանգարանը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը ներկայացնում են «Մեծամոր։ Ոսկի, արվեստ և առեղծված» ժամանակավոր ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Մեծամորի հնավայրից հայտնաբերված ոսկե զարդեր, որոնք պատմում են 5000-ամյա արհեստի ու արվեստի, գիտելիքի և առեղծվածների մասին։
Այս ապարանջանը ունի 5000 տարվա պատմություն։ Այն հայտնաբերվել է Մեծամոր հնավայրից։ Ապարանջանը պատրաստված է ոսկերչական արվեստի անսպասելի, իր ժամանակի համար եզակի լուծումներով։ Այս գտածոյի մասին պատմում է հնագետ Հասմիկ Սիմոնյանը․
«Իհարկե, տեղում հնարավոր չէր պարզել, թե կոնկրետ որ զարդը որտեղ է եղել։ Եվ սա առաջին դեպքն էր, երբ մի դամբարանում հայտնաբերեցինք ոչ թալանված դամբարան։ Այս զարդի բացառիկությունը կենտրոնական հատվածի քառաշար բաժանարարն է»։
Այս զարդը միակը չէ, որ հայտնաբերվել է պեղումների ժամանակ։ Մեծամորի հնավայրում հնագետները ավելի քան 138 կտոր ոսկյա զարդ են գտել։
«Այն դամբարաններում, որտեղ հայտնաբերվում է նման քանակի ոսկի, արդեն իսկ ակնհայտ է, որ գործ ունենք հասարակությունում բարձր դիրք զբաղեցնող մարդու հետ»։ «Կոնկրետ այս դամբարանում թաղված էին երկու անհատներ դիապատգարակի վրա, իսկ ոսկու հատիկները գտնվել են պարանոցի և դաստակների շրջանում, ինչը ցույց է տալիս, որ դրանք եղել են վզնոցներ ու ապարանջաններ, որոնցով զարդարված էին տվյալ մարդկանց մարմինները»։
Ցուցադրության համադրող Արտավազդ Զաքյանն ասում է, որ ցուցադրված առարկաները ժամանակին համարվել են առեղծվածային, քանի որ մեր նախնիները դրանց վերագրել են որոշակի հատկություններ, դրանց հետ կապվել են հավատալիքներ։
«Ցուցադրությունում ներկայացված առարկաները հնարավորինս ներկայացնում են այն, թե մեր նախնիները ինչպիսի ճաշակ են ունեցել»։
Արտավազդ Զաքյանը կարևորում է նաև անագից պատրաստված զարդերը։ Հազարամյակներ առաջ անագը ոսկուն համարժեք է եղել, ասում է մասնագետը։ Ըստ խեթական առասպելների, թագավորի ձեռք փաթաթում էին գործվածքով, որի վրա անագ էր ամրացված։
«Անագը չարխափան մետաղ էր, և պատահական չէր, որ դամբարանադաշտում անագից մեծաթիվ ուլունք-հատիկներ կային. դրանք, ամենայն հավանականությամբ, պաշտպանություն էին ենթադրել հանդերձյալ աշխարհում թշնամիներից ու չար ուժերից»։
Ցուցադրվող նմուշները թվագրվում են մ.թ.ա. 4-րդից 3-րդ հազարամյակներով։
«Ամեն անգամ գտածո գտնելիս փշաքաղվում ես. ապշում ես, թե ինչպես են դրանք ստեղծվել, ինչ ճաշակ են ունեցել մեր նախնիները»։
Մեծամորում հայտնաբերված այս գանձերը, բացի պատմահնագիտական արժեք ունենալուց, նաև արվեստի բարձրարժեք գործեր են։ Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասում է, որ ինքը առանձնահատուկ սեր ունի ոսկյա իրերի հանդեպ։
«Յուրաքանչյուր առարկա իր մեջ ամփոփում է առանձին պատմություն ու առեղծված, որի միջոցով մենք կարող ենք շրջել մեր պատմության շերտերում»։
«Ոսկի․ արվեստ և առեղծված» խորագրով ցուցահանդեսը մեկ ամիս կհանգրվանի Գրականության և արվեստի թանգարանում։