ԵԱՏՄ-ն փորձում է մրցակցել ԵՄ-ի հետ․ Հայաստանը ԵԱՏՄ նիստին նորից իր տարանցիկ հնարավորություններն է առաջարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ Ղազախստանի Շիմքենդ քաղաքում մարտի 26-ին մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, իսկ մարտի 27-ին՝ ընդլայնված կազմով նիստերին և իր ելույթում խոսել տարածաշրջանային նոր իրողությունների մասին։ 

Ղազախստանը 2026-ին գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մարմինները։ Նիստի օրակարգում են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն հարցերն ու նոր լուծումները։ Նիստի մասնակիցները կենտրոնացել են արդյունաբերական գործակցության վրա: Նախատեսվում է ֆինանսավորել ագրոարդյունաբերական համալիրի համատեղ նախագծեր։

Ոչ թե նոր լիիրավ անդամների ներգրավում, այլ ազատ առևտրի գոտիների ստեղծում և դիտորդ պետությունների հետ կապերի խորացում․աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում այս տրամաբանությամբ է Եվրասիական տնտեսական միությունն առաջնորդվելու առաջիկայում։ Մշակվում է «Եվրասիական տնտեսական ուղի» զարգացման հռչակագիրը մինչև 2030 և 2045 թվականների համար։ Շեշտը տրանսպորտային միջանցքների զարգացման և էլեկտրոնային առևտրի կանոնակարգման վրա է։

ԵԱՏՄ նախագահող Ղազախստանում՝ ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հարավային Կովկասում նոր իրողությունների պայմաններում առաջացող նոր հնարավորություններին։

«Նոր գործընկերների հետ ազատ առևտրի նոր համաձայնագրերի կնքումը բարձրացնում է Միության մրցունակությունը։ Պետք է նաև նշել, որ տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը։ Այս համատեքստում վերջերս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը մեզ համար հատկապես նշանակալի է, քանի որ բացում է տարածաշրջանի առևտրի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ։  

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեությունը պարբերաբար վերլուծելը։ Համակարգված մոնիթորինգը կբացահայտի անհավասարակշռությունները, կմշակի ներքին շուկայի պաշտպանության միջոցներ։   

Հայաստանը մշտապես նշել է, որ իր աշխարհագրական դիրքը նպաստում է Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը իրար հետ կապելուն։ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի համար լոգիստիկան ամենազգայուն  ռազմավարական հարցն է, քանի որ երկիրը չունի ընդհանուր ցամաքային սահման Միության մյուս անդամների հետ, բայց 2025-2026 թվականներին հիմնական շեշտը դրվում է հետևյալ ուղղությունների վրա․ բարձրացվել է Վերին Լարսի և այլընտրանքային ուղիների թողունակությունը։ Ռուսական կողմն ավարտել է   Լարսի մաքսակետի արդիականացումը, ինչը թույլ է տալիս օրական սպասարկել մինչև 1500 բեռնատար։ Շարունակվում են քննարկումները Փոթիից  ռուսական Կավկազ կանոնավոր լաստանավային գծի շուրջ, սա պետք է դառնա Լարսի հիմնական այլընտրանքը եղանակային վատ պայմանների ժամանակ։ Հայաստանի օրակարգում է նաև «Հյուսիս-Հարավ» միջանցքով ԵԱՏՄ-Իրան կապը, օրակարգային է դարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ վերականգնելու երկաթուղային կապը ԵԱՏՄ երկրների հետ՝ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան և Իրան։ Բազմիցս նշվել է, որ սա կարող է հեղափոխել հայկական արտահանման լոգիստիկան՝ էժանացնելով մի քանի անգամ։

Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում անգամ թվերը գոհացնում են ԵԱՏՄ մասնակիցներին։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵՄ հետ համեմատություն է անում։

«Չնայած մարտահրավերներով լի արտաքին միջավայրին և համաշխարհային շուկաներում աճող անկայունությանը, Միության համախառն ներքին արդյունքն անցյալ տարի աճել է 1.7%-ով: Սա նորից ավելի բարձր է, քան Եվրոպական Միության ցուցանիշը: Աճի հիմնական շարժիչ ուժերն էին արդյունաբերական շինարարությունը, մանրածախ առևտուրը և գյուղատնտեսությունը»։

2025-ի արդյունքներով Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտուրը  8.2  միլիարդ դոլարիէ հասնում: Չնայած 2024-ի համեմատ կար 37%–ի անկում՝ հիմնականում վերաարտահանման  նվազման պատճառով, սակայն ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ապահովելով երկրի արտաքին առևտրի ավելի քան մեկ երրորդը:

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի շուրջ 92%-ը  Ռուսաստանի հետ է, 2025-ին՝ 7.6 միլիարդ դոլարի: Հիմնականում արտահանվում է պատրաստի սնունդ, խմիչք, գյուղմթերք և տեքստիլ: ԵԱՏՄ–ում Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերը Բելառուսն է, նախորդ տարվա  ավելի քան 200 միլիոն դոլարի առևտրով: Եռյակը եզրափակում է Ղազախստանը, որի հետ գործակցությունն ակտիվանում է հատկապես արդյունաբերական և տեխնոլոգիական ոլորտներում:

ԵԱՏՄ շրջանակները չեն սահմանափակվում միայն նախկին խորհրդային երկրներով։ Կառույցի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու ուղղությամբ են աշխատում Ինդոնեզիան, Մոնղոլիան, Եգիպտոսը, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները։

2025-ի մայիսի 15-ից ուժի մեջ է  նաև լիաֆորմատ ազատ առևտրի համաձայնագիրն  Իրանի հետ, որը փոխարինել է նախկին ժամանակավոր համաձայնագրին։ Ակնկալվում է, որ կկրկնապատկվի առևտրաշրջանառությունը  մինչև 12 միլիարդ դոլարի։ Ղազախստանում Իրանի դեսպան Ալի Ակբար Ջուխարի ներկայացմամբ՝ Իրանի արտաքին և տնտեսական քաղաքականության մեջ ԵԱՏՄ–ն հատուկ տեղ ունի։։

«Այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ կարող է  ստեղծել ազգային տնտեսությունների համար, կստեղծվի   առևտրաշրջանառության ավելացման հիմք։ Փոխադարձ առևտրի ծավալն արդեն ավելացել է։ Իհարկե, մեր առևտրային հնարավորությունները անգամներով ավելի են գրանցված ցուցանիշներից և տա Աստված այս տարի մենք առևտրի թռիչքային աճի ականատես լինենք Միության ներսում»։

ԵԱՏՄ դիտորդ–անդամի կարգավիճակ ունի նաև Կուբան։ Ուշագրավ է, որ Ղազախստանում ընթացող  նիստում Իրանի և Կուբայի ներկայացուցիչները փորձեցին քննադատել ամերիկյան, իրենց ձևակերպմամբ, ագրեսիվ քաղաքականությունը։  Ղազախստանի վարչապետը, սակայն, կանխեց և չթույլատրեց տնտեսական հարթակում քաղաքական մեղադրանքներ հնչեցնել։

Leave a Comment