
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Փրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Փարիզում ընդգծել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր, կարևորել ռազմավարական գործընկերության ամրապնդումը:
Պապիկյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ։
Նրանք պայմանավորվել են խորացնել և ընդլայնել համագործակցությունը՝ այն հասցնելով որակապես նոր, ավելի բարձր մակարդակի, ինչպես նաև շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ պաշտպանության ոլորտի կարողությունների ամրապնդման ուղղությամբ:
Սուրեն Պապիկյանը երեկ է պաշտոնական այցով ժամանել Ֆրանսիա:
Հայաստանն ու Ֆրանսիան 2023-ի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։
Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։
Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։