ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոնակարգում։
Ըստ նոր կանոնների՝ փոխարինվող ֆուտբոլիստը կունենա առավելագույնը 10 վայրկյան խաղադաշտը լքելու համար։ Եթե նա ուշանա, փոխարինումը կհետաձգվի մեկ րոպեով, և թիմը ժամանակավորապես կմնա փոքրամասնությամբ։ Եզրագծից գնդակը նետելու և դարպասից հարվածելու համար կկիրառվի հինգ վայրկյանի կանոն, որը գերազանցելու դեպքում թիմը կկորցնի գնդակի նկատմամբ վերահսկողությունը։
Փոփոխություններ կլինեն նաև բժշկական օգնության տրամադրման հարցում։ Խաղադաշտում օգնություն ստացող ֆուտբոլիստը պետք է լքի դաշտը և սպասի մեկ րոպե նախքան վերադառնալը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասվածքը ստացել է քարտով պատժված խախտման հետևանքով։ Բացի դրանից, VAR համակարգը հնարավորություն կունենա վերանայելու հեռացման հանգեցնող երկրորդ դեղին քարտերը և սխալ նշանակված անկյունային հարվածները։ Նախատեսվում է նաև խստացնել այն կանոնը, ըստ որի միայն ավագը կարող է մոտենալ մրցավարին՝ բացատրություն ստանալու նպատակով. այլ ֆուտբոլիստներին նման դեպքում կարող է դեղին քարտ ցույց տրվել։
Նշենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա ամռանը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։