Փոխադարձ հարվածներ ու բանակցությունների մասին հակասական հայտարարություններ․ Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվում է

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ է արել ԱՄՆ-ին ավարտելու Իրանում աղջիկների տարրական դպրոցի վրա հարվածի հետաքննությունը։ Փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին օրը, Իրանի Մինաբ քաղաքի տարրական դպրոցի հարվածի հետևանքով 168 մարդ էր զոհվել, մեծ մասը՝ երեխաներ։ Իրանի նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ քննարկման ժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքն ասել է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցրել են, թե հարվածը հետաքննության փուլում է։ Քննություններին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածներն ու ուղեկցող հայտարարությունները։  

Իսրայելը, Միացյալ Նահանգներն ու  Իրանը շարունակում են հաղորդել փոխադարձ հարվածների մասին, միջազգային մամուլը շարունակում է հաշվել կողմերի կորուստներն ու պատերազմում ծախսված միլիոնավոր դոլարները, տնտեսագետները տնտեսական հաշվարկներ են անում, փորձագետները փորձում կանխատեսել, թե որքան կշարունակվի պատերազմը Մերձավոր Արևելքում։  

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական վերջնաժամկետի մասին է գրել Truth սոցիալական հարթակում։ Նա տեղեկացրել է, որ հարվածներն Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ կհետաձգվեն  10 օրով։

«Իրանի կառավարության խնդրանքով հետաձգում եմ էլեկտրակայանների ոչնչացման փուլը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը»։

Մինչև այդ Թրամփը 48 ժամ էր հատկացրել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար։ Այս վերջնագրին հաջորդեց տեղեկությունը, որ Թեհրանը բանակցություններ է վարում  Վաշինգտոնի  հետ, և որ դրանք «լավ են ընթանում»։ Պաշտոնական Թեհրանը հերքեց բանակցությունների մասին տեղեկությունը, իսկ լուրը կատակների առիթ դարձավ, թե Իրանում փնտրում են ԱՄՆ–ի  հետ բանակցող պաշտոնյաներին։

Թեհրանն ուսումնասիրում է Վաշինգտոնի առաջարկը՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել Մերձավոր Արևելքի ընդլայնվող հակամարտությունը մեղմելու համար՝ հայտարարել էր երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախօրեին լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկների փաթեթ է փոխանցել Իրանին: Իրանական պետական լրատվամիջոցը հայտնել էր, թե Թեհրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերահսկել Հորմուզի նեղուցը։ France Televisions-ին տված հարցազրույցում նա խոսել է ամերիկյան այսպես ասած «նավթային հետաքրքրությունների» և էներգետիկ  շուկաներում գերիշխող դիրք գրավելու ձգտումների մասին։

«Վենեսուելան արդեն ուղիղ օրինակ է։ Ասվում էր, թե նպատակը նարկոբիզնեսով  զբաղվող ռեժիմի հեռացումն է։ Արդյունքում ամեն բան ավարտվեց նրանով, որ ԱՄՆ–ն իր վերահսկողության տակ վերցրեց Վենեսուելայի նավթային ոլորտը ։ Նույնը տեղի է ունենում Իրանի դեպքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ըստ էության, բաց տեքստով ասել է, որ ցանկանում է Իրանի հետ միասին վերահսկել Հորմուզի նեղուցը և դրանով անցնող  բոլոր մատակարարումները»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս զուգահեռներ է անցկացրել Վենեսուելայում և Իրանում կատարվող իրադարձությունների միջև։

«Դա ուժի, ճշգրտության և հմտության ցուցադրություն էր։ Դուք դրան ականատես եղաք նաև Վենեսուելայում, և դա այն բանի փոքրացված տարբերակն էր, ինչ մենք հիմա անում ենք։ Մենք ջախջախում ենք նրանց հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերի պաշարները, ոչնչացնում նրանց պաշտպանական արդյունաբերական բազան։ Նրանք աղաչում են գործարք կնքել։ Ես՝ ոչ։  Բայց նրանք ասում են՝ օ՜, մենք նրանց հետ չենք խոսում։ Նրանք պետք է դա անեին երկու տարի առաջ»։

AP–ն տեղեկացնում է, որ ՄԱԿ–ի ԱԽ–ում Իրանի հարցով փակ խորհրդակցություն է նշանակվել։ Ըստ լրատվամիջոցի՝  Մոսկվան դիմել է, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամերիկաիսրայելական հարվածների  հարցով հանդիպում անցկացվի։

Leave a Comment