ԱԺ նախագահի հետ միջադեպի փաստով վարույթ է նախաձեռնվել խուլիգանության հոդվածով

Ազգային ժողովի նախագահի հետ երեկվա միջադեպից կես օր հետո Քննչական կոմիտեն խուլիգանության հոդվածով վարույթ է նախաձեռնել, ընդ որում՝ որպես խուլիգանական արարքի ենթադրյալ հեղինակ մատնանշելով միայն քաղաքացի Միքայել Մարգարյանին:

Քննչականի փոխանցմամբ՝ Մարգարյանը երեկ «իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով՝ հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել»:

Գլխավոր դատախազությունն էր ոստիկանների՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել իրավապահներին, երբ Ալեն Սիմոնյանն ու քաղաքացի Միքայել Մարգարյանը միմյանց հասցեին հայհոյանքներ հնչեցրեցին:

Մարգարյանին ու ևս մեկ քաղաքացու բերման ենթարկեցին ոստիկանություն, ապա երեք ժամ անց ազատ արձակեցին՝ ենթարկելով վարչական պատասխանատվության:

Մեղադրյալներ դեռ չկան:

Leave a Comment