Տարոնիկցիների բողոքի ակցիայից հետո իշխանությունները խոստացել են վերանորոգել վթարային ճանապարհը 2026 թվականին

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ գյուղի հինգ փողոցների և մեկ նրբանցքի (մոտ 2 կմ ընդհանուր երկարությամբ) հիմնանորոգումը նախատեսված է ավարտել 2026 թվականին, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Մարտի 18-ին Armenia Today-ի նկարահանող խումբն այցելել էր բնակավայր՝ բնակիչների բողոքի ակցիայից հետո, որոնք դժգոհում էին ճանապարհների անմխիթար վիճակից: Ավելի քան 5600 բնակիչ ունեցող բնակավայրի համար երթուղին մայրուղուն կապող միակ ճանապարհն է։ Ճանապարհահատվածը չունի ասֆալտբետոնե ծածկ, իսկ հարթեցման համար օգտագործվող ավազակոպճային շերտը, բնակիչների պնդմամբ, տեղումների ժամանակ վերածվում է ցեխաշերտի՝ ճանապարհը դարձնելով գրեթե անանցանելի:

Բնակիչների խոսքով՝ ճանապարհի վիճակը պարբերաբար խոչընդոտում է նաև շտապօգնության մեքենաների տեղաշարժին:

Փոխնախարարի հավաստիացմամբ՝ վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն սուբվենցիոն ծրագրերի հաստատումից և համապատասխան մրցութային փուլերի ավարտից հետո։

Ի պատասխան բնակիչների պնդումներին, թե բնակավայրում տարիներ շարունակ ներդրումներ չեն արվել, ՏԿԵ նախարարությունից ներկայացրել են վիճակագրություն, ըստ որի՝ 2022 թվականից ի վեր Տարոնիկում իրականացվել են 375 մլն դրամի աշխատանքներ, այդ թվում՝ ջրամատակարարման ցանցի կառուցում և գազաֆիկացում:

Ընթացիկ միջոցառումներ

Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ամենամյա հարթեցման աշխատանքներն այս տարի դեռ չեն մեկնարկել՝ մրցութային գործընթացի պատճառով: Ֆինանսական հատկացումների հստակ չափը հայտնի կդառնա գնահատման ավարտից և մրցույթի հայտարարումից հետո:

Միևնույն ժամանակ, իրականացվում է Վաղարշապատ-Արտիմետ-Խորոնք-Առատաշեն-Տարոնիկ ճանապարհի առանձին հատվածների հիմնանորոգման նախահաշվային արժեքի գնահատում:

Արաքսյա Սնխչյան

Leave a Comment