
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել մարտի 26-ին ԱԺ շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ նա զրուցել է անհայտ կորածների հարազատների հետ, որից հետո մոտեցել են մի քանի քաղաքացիներ, որոնք, ըստ Սիմոնյանի, սադրիչ վարք են դրսևորել։ Նա նշել է, որ իր հասցեին հնչել են հայհոյանքներ, և իրավիճակը լարված է եղել։
Սիմոնյանը նաև ընդգծել է, որ որոշ ուժեր փորձում են օգտագործել անհայտ կորածների հարազատների ցավը քաղաքական նպատակներով։
«Շատ ցավալի է և զզվելի է, որ այդ մարդկանց ցավը որոշ քաղաքական միավորներ ու որոշ մարդիկ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով։ Ես ցավում եմ դրա համար և պետք է ասեմ, որ այդ սադրանքները չեն անցնելու»,-ասել է Սիմոնյանը։
ՆԳՆ-ից հայտնել են, որ միջադեպի հետևանքով երկու անձ բերման է ենթարկվել ոստիկանություն։