Մի կողմը պնդում է, որ բանակցություններն ընթանում են, մյուսը՝ հերքում

«Ամերիկան ընդունում է, որ պարտվել է»

Թեհրանի սովորաբար բազմամարդ փողոցներում շատ անցորդներ չկան, բնակիչները վախենում են ռումբերից և հրթիռներից: Ամբողջ աշխարհն է կողմերին հորդորում բանակցությունների միջոցով դադարեցնել այս արյունալի կոնֆլիկտը:

Պատերազմի 26-րդ օրվա դրությամբ Իրանում սպանվել է ավելի քան 1500 մարդ: Թեհրանը պնդում է, որ վրեժխնդիր կլինի և կշարունակի հուժկու հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին ու Վաշինգտոնին սատարող արաբական երկրների էներգետիկայի ենթակառուցվածքին:

Իսրայելում 16 մարդ է սպանվել, զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, Լիբանանում միլիոնավոր բնակիչներ տեղահանվել են: Մինչդեռ, բանակցային գործընթացի մասին հրապարակվում են իրարամերժ պնդումներ: Իրանն ասում է, թե կբանակցի միայն իր պայմաններով և փոխհատուցում կպահանջի կրած կորուստների համար:

Այդ է ասել է արտգործնախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքով, Իրանը չի սկսել այս պատերազմը, և Իրանին ոչ թե հրադադար, այլ խաղաղություն է պետք, այնպիսին, որ պատերազմի վերսկսումը բացառվի:

«Նրանք հիմա բանակցություններից են խոսում, էլ ինչո՞ւ չեն պնդում, որ հանձնվենք, փաստորեն խոստովանում են, որ պարտվեցին: Այն, որ Իրանից այլևս չեն պահանջում հանձնվել և պատրաստ են բանագնացներ ուղարկել, նշանակում է, որ ընդունում են իրենց պարտությունը: Ավելացնեմ՝ այս պահին ոչ մի բանակցություն նախատեսված չէ»,- ասել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարը:

«Բանակցությունները շատ արդյունավետ են»

Տրամագծորեն հակառակն Է ասում Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը. «Բանակցությունները չեն ընդհատվել, շարունակվում են, և, ինչպես նախագահն Է ասել՝ շատ արդյունավետ են: Այդուհանդերձ ես տեսել եմ մամուլում շրջանառվող ինֆորմացիան 15 կետից կազմված պայմանագրի նախագծի մասին: Լրագրողներին խորհուրդ կտամ հեռու մնալ ոչ արժանահավատ աղբյուրներից»,- ասել է Լևիթը:

Հարցման արդյունքները բարենպաստ չեն Թրամփի համար

Պատերազմի վերջն այսօրվա դրությամբ չի երևում, իսկ Ամերիկայում հանրությունը մտահոգված է:

Associated Press լրատվական գործակալությունը և հասարակական կարծիքի ուսումնասիրության համազգային կենտրոնն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքները բարենպաստ չեն նախագահ Դոնալդ Թրամփի համար: Դրանք ներկայացրել է գործակալության վերլուծաբան Լինլի Սանդերսը:

«Իրանի հետ պատերազմի մեկնարկից մոտ 4 շաբաթ է անցել, Ամերիկացի 10-ը չափահասներից 6-ի համոզմամբ, ռազմական գործողությունները չափազանց հեռու են գնացել»,- ասել է վերլուծաբանը:

Ըստ հարցման, չափահասների 45 տոկոսը խիստ կամ չափազանց խիստ մտահոգված է, առաջիկա ամիսներին կունենա՞ մեքենաների համար բենզին գնելու միջոցներ: Երբ Թրամփն ընտրվել էր՝ հավատացնում էր, որ տնտեսական հարցերն արագ կլուծի:

67 տոկոսի համոզմամբ, իշխանության համար առաջնահերթը պետք է նավթի և բենզինի գնաճի զսպումը լինի: 65%-ը կարծում է, որ շատ կարևոր է կանխել Իրանում միջուկային զենքի ստեղծումը: Սակայն պատերազմի մյուս նպատակներն ավելի քիչ աջակցություն են ստանում:

«Միայն 10-ից մոտ 4-ն է ասում, որ չափազանց կամ շատ կարևոր է կանխել Իրանի կողմից Իսրայելի վրա հարձակումը, և միայն մեկ երրորդն է ասում, թե կարևոր է, որ Իրանում կառավարի ԱՄՆ-ի հանդեպ ավելի բարեկամաբար տրամադրված իշխանություն»,- ասել է Սանդերսը:

Հարցումն անցկացվել է մարտի 19-ից 23-ը՝ 1500 չափահասների շրջանում, սխալի հավանականությունը մոտ 4 տոկոս է հասնում:

Leave a Comment