Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Զինծառայողի ընտանիքին 300.000 դրամ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2026թ. հունիս ամիսը ներառյալ։
Կառավարությունն ընդունել է նաև «Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշում։ Ըստ այդմ նախատեսվում է՝ ՀՀ օրենսդրության սահմաններում իրականացնել բնակելի տարածքների սեփականաշնորհում, ապահովելով Ադրբեջանից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց մշտական բնակարաններով։ Հիմնավորման համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երևանի Շիրակի փողոց 2/32, քաղաք Երևան, Մոլդովական փողոց 29/1, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4/1 (էներգետիկական քոլեջի հանրակացարան), Ուսանողական թաղամաս 4 (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) շենքեր հասցեներում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել և խնդրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով (կամ համատեղ սեփականության իրավունքով) տրամադրել իրենց ընտանիքներին: