«Հայֆիլմը» կվերագործարկվի․ Բաժնետոմսերի կառավարումը կվերապահվի ԿԳՄՍՆ-ին

«Հայֆիլմը» կվերագործարկվի․ Բաժնետոմսերի կառավարումը կվերապահվի ԿԳՄՍՆ-ին

26 մարտի 2026 – 14:30 AMT

PanARMENIAN.Net – «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները կվերապահվեն ԿԳՄՍ նախարարությանը։ Որոշումն ընդունվել է կառավարությունն նիստում, հայտնում է Factor.am-ը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս բազմաֆունկցիոնալ կինոարդյունաբերական կառույցը գրեթե մեկ տասնամյակ չի գործել՝ գտնվելով կայուն անկման վիճակում։

Նախատեսվում է, որ այս փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի իրականացնել «Հայֆիլմ կինոարտադրական քաղաքի» լայնածավալ նախագիծը՝ ապահովելով պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում և ստեղծելով ժամանակակից պահանջներին համապատասխան կինոարդյունաբերական ենթակառուցվածքներ։

«Ներկայում՝ կինոոլորտի զարգացման և բարեփոխման ծրագրերի իրականացման, ինչպես նաև վերջին տարիներին կինոոլորտում միջազգային համագործակցության ակնհայտ աճողականությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերջինիս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել նախարարությանը»,- ասվել է որոշման մեջ։

«Հայֆիլմ» փակ բաժնետիրական ընկերությունը 2015 թվականից գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության տակ։ Այժմ կոմիտեն մեկամսյա ժամկետում իրականացնելու է բաժնետոմսերի հանձնման-ընդունման գործընթացը։

«Հայֆիլմը» հայկական գեղարվեստական ֆիլմերի արտադրությամբ զբաղվող կինոստուդիա է, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Հայաստանի անկախությունից հետո դրա գործունեությունը զգալիորեն նվազել է, իսկ 2005 թվականին այն վաճառվել է մասնավոր ընկերության, որը պարտավորվել էր իրականացնել խոշոր ներդրումներ, սակայն դրանք չեն կատարվել։ 2015 թվականին ստուդիայի 100 տոկոս բաժնետոմսերը վերադարձվել են պետությանը՝ պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառով։

Leave a Comment